Լրահոս

25.01.2012 15:30


Փորձագետ. «Սենատի որոշումը միջազգային իրավունքի շրջանակներում խոսքի ազատության տեսանկյունից որևէ խոցելիություն չունի»

Փորձագետ. «Սենատի որոշումը միջազգային իրավունքի շրջանակներում խոսքի ազատության տեսանկյունից որևէ խոցելիություն չունի»

–Միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում խոսքի ազատության տեսանկյունից Ֆրանսիայի Սենատի վերջին որոշումը որևիցե խոցելիություն չի ենթադրում, որովհետև խոսքի ազատությունը (ինչպես նաև այլ ազատությունները) բացարձակ ազատություն չէ. այն կարող է սահմանափակվել։ Պարզապես այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ,–  նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը՝ իրավական տեսակետից մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն ու դրա իրավական խոցելիությունը։

Վարդանյանը նկատել է, որ նմանօրինակ օրինագիծ 1990–ից սկսած գործում է նաև հրեական Հոլոքոստի ժխտման վերաբերյալ, և կան դատական նախադեպեր, երբ մարդու իրավունքների խախտման պատրվակով հայցը մերժվել է։

Վարդանյանը նշել է նաև, որ Ֆրանսիայում կարող են ընդունված օրենքը վիճարկել. դրա համար անհրաժեշտ է մոտ 60-70 պատգամավորների համաձայնությունը, ինչը (եթե հաշվի առնենք, որ օրինագծին դեմ է արտահայտվել 87 պատգամավոր) չի կարելի բացառել։ Այնուամենայնիվ, սահմանադրագետն ընդգծել է, որ խոսքը զուտ վիճարկման գործընթաց սկսելու մասին է, ոչ թե օրինագիծը միանգամից չեղյալ հայտարարելու հավանականության։

Փորձագետն ընդգծել է, որ ցանկացած օրենք ամբողջական է դառնում իր գործնական կիրառումից հետո միայն.

–Ի վերջո, օրենքն ամբողջական կդառնա, երբ սկսի կիրառվել, որովհետև օրենքը պետք է կիրառվի այնպես, որ չխոչընդոտի Ֆրանսիայում խոսքի ազատության իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը