Լրահոս

09.05.2009 11:17


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ

-Սիրելի հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, տոն, որն անչափ թանկ ու հիշարժան է բոլորիս համար: Այն դարձել է մեր ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը:
Հաղթանակ Մեծ Հայրենականում, որին մասնակցել են տասնյակ հազարավոր արցախցիներ: Կռվելով տարբեր ռազմաճակատներում՝ նրանք պաշտպանում էին նաև հայրենի երկիրն ու հայ ժողովրդի հուսալի ապագան: Նրանց կյանքը հերոսության, սխրանքի ու խիզախության դաս էր հետագա սերունդների համար, այն հայորդիների, ովքեր ոտքի էին ելել պաշտպանելու հարազատ հողում ազատ ու անկախ ապրելու իրենց իրավունքը: Մենք պարտավոր ենք ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին: 
Հաղթանակ Արցախյան պատերազմում, որի փառավոր պսակը հանդիսացավ Շուշիի ազատագրումը: Դա ազգային-ազատագրական պայքարի բովում կազմավորված մեր պաշտպանության բանակի ռազմական հաջողությունների սկիզբն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը մեր հպարտությունն է, մեծագույն ձեռքբերումներից մեկը, որն այսօր էլ պատվով է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:
Հայրենակիցներ, պետք է միշտ հիշենք, թե ինչ գնով մեզ հաջողվեց նվաճել այս հաղթանակները: Հիշենք՝ հանուն մեր զոհված քույրերի ու եղբայրների, հանուն նրանց կիսատ թողած գործի, նրանց նպատակների ու երազանքների իրականացման: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակներին: Մեր պարտքն է այսուհետ էլ սատար կանգնել նրանց ընտանիքներին, լինել կարեկցող, օգնական ու աջակից:
Այս տոնական օրը ես երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են ունեցել մեր հաղթանակների կերտման գործում: Դա ողջ հայ ժողովրդի, նրա տոկունության, միասնականության ու համախմբվածության հաղթանակն էր, եւ այդ հաղթանակի խորհուրդը պետք է առաջնորդի մեզ մեր առօրյա կյանքում, հետագա բոլոր ձեռնարկումներում:
Երախտագիտություն եմ հայտնում նաեւ մեր պաշտպանության բանակի բոլոր զինվորներին, շարքային զինծառայողներին ու բարձրագույն սպայական կազմին, ովքեր այսօր էլ անձնվիրաբար ծառայում են Հայրենիքին:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն, հանգիստ ու ապահով կյանք։

 

Այս խորագրի վերջին նյութերը