Լրահոս

25.01.2012 13:22


Փորձագետ. «Գերմանիան էլ է վառված Թուրքիայից»

Փորձագետ. «Գերմանիան էլ է վառված Թուրքիայից»

Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանը և «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության փորձագետ Աննա Մկրտչյանն անդրադարձել են Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման դրդապատճառներին ու զարգացման հեռանկարներին։

Ըստ Ղումաշյանի՝ որոշման խորքային դրդապատճառը Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի հետ է կապված.

–Այդ գործընթացի հիմնական օպոնենտները հենց Ֆրանսիան ու Գերմանիան են։ Մեծ հաշվով սա էր այն հանգամանքը, ինչի շնորհիվ մենք այսօր ունենք Սենատի որոշումը։

Աննա Մկրտչյանն իր հերթին հիշեցրել է նաև Ֆրանսիայում հայ համայնքի դերի մասին, ինչին Ղումաշյանը արձագանքել է՝ ասելով, թե Ֆրանսիայում գրեթե նույն քանակությամբ նաև թուրքական համայնք կա, ուստի այդ գործոնը, ըստ Ղումաշյանի, այս գործընթացում շատ փոքր դեր է խաղացել։

Ղումաշյանը համաձայնել է այն տեսակետին, թե Սենատի այս որոշումն այսօրվա Թուրքիայի համար նշանակեց «մոռացե՛ք ճանապարհը դեպի Եվրոպա»։

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հավանականության վերաբերյալ Ղումաշյանն ասել է.

Չեմ զարմանա։ Գերմանիան էլ է, այսպես ասած, վառված Թուրքիայից։

Ինչ վերաբերում է Սենատի այս որոշումից հետո ստամբուլահայերի կացությանը , ապա Ղումաշյանը նշել է, թե որոշ դժվարություններ կարող են լինել, բայց դրանք ժամանակավոր բնույթ կունենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը