Լրահոս

24.01.2012 13:36


Կիրո Մանոյան. «Թուրքիան այնքան բարձրացրեց նշաձողը, որ վերջում շատ ուժեղ ձևով վայր ընկավ այդ բարձունքից»

Կիրո Մանոյան. «Թուրքիան այնքան բարձրացրեց նշաձողը, որ վերջում շատ ուժեղ ձևով վայր ընկավ այդ բարձունքից»

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է երեկ Ֆրնասիայի Սենատի կողմի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագածի ընդունմանը։

–Սա քաղաքական մեծ հաղթանակ էր բոլորիս համար,–հայտարարել է Մանոյանն ու պարզաբանել, որ Սենատի որոշումը հաղթանակ էր թե՛ համայն հայության համար, թե՛ Ֆրանսիայի համար (որովհետև վերջինս թուրքական սպառնալիքների ճնշմանը տեղի չտվեց), թե՛ Թուրքիայի ողջամիտ թուրքերի համար։

Մանոյանը նշել է նաև, որ սա առաջին հերթին Թուրքիայի քաղաքական պարտությունն է.

–Թուրքիան ամեն ինչ փորձեց անել, այնքան բարձրացրեց նշաձողը, որ վերջում շատ ուժեղ ձևով վայր ընկավ այդ բարձունքից։ Այն աստիճան, որ նույնիսկ իրենց արտգործնախարարը չմեկնեց Բրյուսել, պարզապես որպեսզի հետևի Ֆրանսիայում Սենատի քննարկումներին։

Հարցին՝ արդյոք Սենատի որոշումը պայմանավորված չէ՞ Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրություններին տեղի հայերի աջակցությունը շահելու հանգամանքով, Մանոյանը պատասխանել է, որ այդ գործոնը, իհարկե, իր դերը խաղացել է, բայց չի կարելի ամեն ինչ պայմանավորել միայն դրանով.

–Ճիշտ չի լինի միայն դրանով այս ամենը բացատրելը։

Բանախոսը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի օրինակը կարող է ոգևորել նաև եվրոպական այլ երկրների։ Ինչպես հայտնի է, Շվեյցարիան ու Սլովակիան արդեն ընդունել են համապատասխան օրենք, իսկ ինչ վերաբերում է Գերմանիայում նման օրինագծի ընդունման հավանականությանը, ապա Մանոյանն ասել է.

–Կարծում եմ՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը իսկապես յուրահատուկ է, որովհետև այնտեղ գերմանացիները ընդունում են նաև Գերմանիայի պատասխանատվությունը։ Այնտեղ արդեն կա հրեական Հոլոքոստը քրեականացնող օրենք, և պիտի չզարմանանք, որ գերմանացիները մի քայլ էլ անեն ու իրենց հարմար պահին նման օրենք ընդունեն նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Հարցին՝ որքանո՞վ Թուրքիայի տնտեսական պատժամիջոցները կազդեն Ֆրանսիայի վրա, Մանոյանը պատասխանել է, թե այդ պատժամիջոցները, բնականաբար, ազդեցություն կունենան, բայց ոչ այնքան ուժեղ, որ Ֆրանսիան հետ կանգնի իր որոշումից։ Բացի այդ, Մանոյանը նկատել է, որ Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել միայն պետական ոլորտում, իսկ Թուրքիայի մասնավոր սեկտորը լուրջ տնտեսական կապեր ունի Ֆրանսիայի տնտեսության հետ։

Ինչ վերաբերում է Սենատի որոշման ազդեցությանը ԵՄ–ին Թուրքիայի անդամակցելու գործընթացի վրա, ապա Մանոյանն ասել է.

–Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցությունը կամ չանդամակցությունը արդեն, կարելի է ասել, սառեցված է,  թեև փորձում են կենդանի պահել այդ գործընթացը, բայց իրականում գործընթաց չկա։ Կարծում եմ՝ սրանով մի փոքր էլ կնվազի Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու ցանկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը