Լրահոս

23.01.2012 16:43


Գյուղապետերի ՀՀԿ-ական թեկնածուները գյուղերում իրենց մրցակից են հայթայթում

Գյուղերում ՏԻՄ ընտրություններից առաջ փոփոխված Ընտրական օրենսգիրքը ծիծաղելի և անհարմար դրության մեջ է դրել թեկնածուներին, ովքեր իրական մրցակիցներ չունեն: Խնդիրն այն է, որ փետրվարի 12-ին Շիրակի մարզի որոշ համայնքներում անցկացվելու են համայնքապետի ընտրություններ: Կան գյուղեր, որտեղ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է մեկական թեկնածու, ով ՀՀԿ անդամ է: Սակայն Ընտրական օրենսգիրքը պահանջում է համայնքներում մեկից ավելի թեկնածուի առկայություն իբր մրցակցային ընտրություններ անցկացնելու համար: Եվ այս պարագայում ՀՀԿ-ական թեկնածուները տարատեսակ հնարքների են դիմում իրենց համար մրցակից հայթայթելու համար:

Շիրակի մարզի Բասեն գյուղում համայնքապետի պաշտոնի համար պայքարելու են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ–ն ներկայացնող, գործող համայնքապետ Համլետ Պետրոսյանն ու Արշակ Խատրյանը: Վերջինս գյուղապետի տեղակալն է և հենց նրա խնդրանքով էլ պայքարի է դուրս եկել իր «շեֆի» դեմ.

«Ես եմ խնդրել (հենց այդպես կարող եմ ասել), որպեսզի օրենքի կետը պահպանվի: Ես կհաղթեմ, թե ինքը՝ նշանակություն չունի. Աստծո կամքն է»,- անկեղծացել է Համլետ Պետրոսյանը:

Իրավիճակը նույնն է Վահրամաբերդ և Շիրակ գյուղերում. այստեղ գործող գյուղապետերի դեմ, վերջիններիս խնդրանքով, պայքարի են դուրս եկել գյուղապետարանի առաջին կարգի մասնագետները:

Վահրամաբերդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարող, առաջին կարգի մասնագետ Սեդրակ Գևորգյանը հարցին, թե իր կարծիքով ո՞վ կհաղթի ընտրություններում, պատասխանել է.

«Իհա՛րկե մեր գյուղապետը՝ Աղվան Մարտիրոսյանը։ Ի սրտե մաղթում եմ, որ հաղթի. արժանի է»,- ասել է Սեդրակ Գևորգյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը