Լրահոս

23.01.2012 13:06


Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

Գործարար Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Yerkir.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է անձամբ կին գործարարը և նշել, որ փետրվարի 10-ին կհայտարարի, թե որ կուսակցությանն է անդամակցելու և որ ընտրակարգով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

«Այս պահի դրությամբ ձեռքիս տակ են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը: Ուսումնասիրում եմ, որ որևէ կուսակցությանը անդամակցելու դեպքում չսխալվեմ և չզղջամ հետո»,-նշել է նա:

Հարցին, թե ո՞ր կուսակցությունն է ավելի հարազատ, Համբարձումյանը պատասխանել է, որ հոգեհարազատության խնդիր չկա, չի բացառվում, որ հիմնի նոր կուսակցություն՝ նոր ծրագրերով:

«Ընտրական օրենսգիրքն եմ նաև ուսումնասիրում: Եթե ոչ մի կուսակցության համամասնական ցուցակում էլ չլինեմ, մեծ հաճույքով կառաջադրվեմ մեծամասնականով»,-ասել է գործարարը և նշել, որ ուժի մեջ է իր այն հայտարարությունը, որ ինքը կառաջադրվի այնտեղ, որտեղ առաջադրվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Ես ուզում եմ ոմանց ապացուցել, որ օրենք պետք է գրեն նրանք, ովքեր կարող են, մարզը ղեկավարեն նրանք, ում կսիրի ողջ մարզը»,-նշել է նա:

Այն դիտարկմանը, թե այս ամենը գործարք է հիշեցնում, երբ, քաղաքականություն մտնելը փոխհատուցում է գործարար կնոջը մարզպետի արարքի համար, Համբարձումյանը չի համաձայնել և նշել, որ, եթե անգամ անդամակցի էլ ՀՀԿ-ին, միևնույն է, դիմելու է Եվրադատարան:

Նկատառմանն էլ, որ իշխող կուսակցությանն անդամակցելն անտրամաբանական է դարձնում Եվրադատարան դիմելը, Համբարձումյանը նշել է, որ անտրամաբանական ոչինչ չի տեսնում:

«Եթե իրենց սխալը հասկանան, ինչո՞ւ պետք է դիմեմ Եվրադատարան»,- ասել է գործարարը և հավելել, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ մի հարաբերություն էլ չունի այսօր:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրապետական դառնալու դեպքում կուսակցությունը «բարիշեցնի» իրեն և Սուրիկ Խաչատրյանին, Համբարձումյանը նշել է, որ բարիշելու ոչինչ չկա, իսկ եթե ինքը մտնի Հանրապետական, Սուրիկ Խաչատրյանն այնտեղ դժվար երկար ձգի:

Այս խորագրի վերջին նյութերը