Հարցազրույց

23.01.2012 11:29


Արշակ Սադոյան

Արշակ Սադոյան

Հարցազրույց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, «Ազգային համագործակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Սադոյանի հետ

-Ավելի վաղ մեզ ասել էիք, որ քննարկում եք 2012թ. խորհրդարանական ընտրություններին ԱԺԴ-ի մասնակցության ձևաչափը։ Ի՞նչ որոշում եք կայացրել։

-Դեռ ոչինչ պարզ չէ, քանի որ քննարկումները շարունակվում են։ Վերջնական որոշումը թերևս մեկ շաբաթ էլ կհետաձգվի։ Ամենայն հավանականությամբ` այդ ժամանակ արդեն որոշում կկայացնենք։

-Խոսակցություններ կան, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ից անջատված կուսակցությունները, այդ թվում՝ ԱԺԴ-ն, կվերամիավորվեն։ Կա՞ այդպիսի բան։

–Խոսքը հենց դրա մասին է։

-Այսինքն՝ մեկ շաբաթից որոշելու եք՝ միանա՞լ ԱԺՄ-ին, թե ո՞չ։

–Խոսակցությունները դրա մասին են, և մեկ շաբաթից այդ հարցերին կպատասխանենք։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման մտադրությունը։

–Ազգային ժողովրդավարների սկզբունքների և գաղափարների պակասով, որ այսօր կա քաղաքական դաշտում։

-Ցանկանում եք այդ պակասը լրացնե՞լ։

–Այո՛։

-Այդ դեպքում՝ տարիներ առաջ ինչո՞ւ անջատվեցիք ԱԺՄ-ից։

–Այն ժամանակ որոշ գործիչներ փորձում էին թվական գերակշռություն ունենալով՝ ինչ–որ բաներ խախտել։

-Ո՞ւմ մասին է խոսքը։

–Գիտեք, հիմա դրա մասին չարժե խոսել, որովհետև հիմա ուրիշ բանի մասին ենք խոսում։

-Ամեն դեպքում՝ անցյալը չի՞ խանգարի, որպեսզի միավորվեք։

–Անցյալի վերլուծության հարց չկա։

-Վազգեն Մանուկյանը հայտարարել, որ չի ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում։ Եթե ձե՛զ այդպիսի առաջարկ լինի, կհամաձանե՞ք։

–Վաղը տեղի է ունենալու «Ազգային համագործակցության հիմնադրամի» կողմից ձևավորված համացանցային մամլո ակումբի առաջին միջոցառումը։ Այդ միջոցառման ժամանակ մենք հարց ենք դրել՝ քաղաքական ուժերը որքանո՞վ են կարևորում աշխարհով մեկ ազգ–կազմակերպություն ստեղծելու խնդիրը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական ուժերը ընդունո՞ւմ են արդյոք այն հիմնական գաղափարները, որ դրված են ազգային ժողովրդավարների կուսակցությունների կամ քաղաքական ուժերի մոտ։ Որքան ես հասկանում եմ, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տվել մեր այդ սկզբունքային հարցին։ Իսկ երբ որ այդ սկզբունքային հարցին հստակ պատասխան չի տրվել, բնական է՝ մենք չենք կարող հենց այնպես՝ հանուն ինչ–որ բաների, կարիերայի, մտնել տարբեր քաղաքական ուժերի ցուցակ։ Ամեն ինչ կախված է պատասխաններից։ Այդպիսի պատասխան ես ՀՀԿ–ից դեռ չեմ ստացել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը