Լրահոս

21.01.2012 09:30


Նամակ ԱՄՆ դեսպանին. «Մեր Սևանը մի օվկիանոսի հետ չեմ փոխի»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին

Հարգելի դեսպան, իմ այս նամակ գրելու շարժառիթը Ամերիկյան դեսպանատանը ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու համար հարցազրույցին մասնակցելն էր։ Իմ դիմումը մերժեցին, պատճառաբանելով, որ չեմ կարողացել ապացուցել ԱՄՆ-ից դուրս ունեցած ամուր կապերս, և որ ես ծանրակշիռ փաստարկներ չեմ ներկայացրել, որոնք հիմք կհանդիսանային ԱՄՆ-ում չմնալու համար: Մի՞թե իմ հայրենիքը, ընտանիքը՝ ամուսինս և երեք տղաներս, մայրս, այն փոքրիկ հողակտորը ուր հայրս է թաղված, բավարար պայման չեն հետ վերադառնալու համար: Փառք Աստծո, մեր վաստակածը հերիքում է ապրելու համար, և մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում: Չեմ ժխտի, որ ընտանիքս խնդիրներ ունի, որ չի կարողանում լուծել, բայց դրանք բոլորն էլ ժամանակավոր դժվարություններ են: Այդ խնդիրները չեն կարող պատճառ հանդիսանալ հայրենիքը լքելու համար: Եթե մութ և ցուրտ տարիներին ուղիներ չենք փնտրել հեռանալու համար և պայքարել ենք, ապա ինչու՞ հիմա պետք է հեռանամ: Հիմա՛, երբ Հայաստանը զարգացման ուղու վրա է: Ես համոզված եմ, որ իմ Հայաստանը ծաղկելու և բարգավաճելու է, և որ ամբողջ աշխարհն է հասկանալու, որ հենց այստեղ է Դրախտավայրը:

Ես պաշտում եմ իմ հայրենիքը, ընտանիքը և ԱՄՆ եմ ուզում գնալ զուտ եղբորս և նրա ընտանիքին տեսնելու: 21 տարի է եղբորս չեմ տեսել, իսկ կնոջը և երեխաներին միայն լուսանկարներով եմ ճանաչում:

Ես այս նամակով Ձեզ չեմ խնդրում  ինձ արտոնագիր տալ, այլ ուղղակի ուզում եմ ասել, որ մեր Սևանը մի օվկիանոսի հետ չեմ փոխի, որ ինձ համար աշխարհում Հայաստանից առավել լավ ապրելու  տեղ չկա:

Իմ տան պատուհանից երևում է Արարատ լեռը իր ողջ գեղեցկությամբ: Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են գեթ մեկ անգամ տեսնելու Բիբլիական լեռը, իսկ ես ամեն բարի լույսը սկսում եմ Սուրբ լեռանը նայելով: Ես այդ հաճույքը ոչ մի բանի հետ չեմ փոխի:

Ես այս նամակը ոչ թե չարացած, այլ վիրավորված եմ գրում, որ ինձ կասկածել են հայրենիքը լքել ցանկանալու մեջ:

Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում և վայելեք Հայաստանը քանի դեռ ունեք այդ հնարավորությունը:

Աստված Ձեզ հետ

Հարգանքներով`  Նարինե Մարդյան

ՀԳ.  Եթե տարեկան բազմաթիվ մարդիկ ոչ ներգաղթային արտոնագիր ստանալով մեկնում են ԱՄՆ և այլևս չեն վերադառնում, ապա արդյոք ժամանակը չէ՞ այն տալու ձևերը փոխել: Մի քանի փաստաթղթեր նայելով և մի քանի հարցեր տալով` չի կարելի որոշել տվյալ անձը կվերադառնա, թե՝ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը