Լրահոս

20.01.2012 13:22


Լեռնիկ Ալեքսնայան. «Նպատակը ոչ միայն ցուցակում հայտնվելու խնդիրն է»

Լեռնիկ Ալեքսնայան. «Նպատակը ոչ միայն ցուցակում հայտնվելու խնդիրն է»

Վերջին շրջանում բազմաթիվ «մոռացված» կուսակցությունների ղեկավարներ սկսել են ՀՀԿ–ին գովերգել՝ նպատակ ունենալով հայտնվել այդ կուսակցության նախընտրական ցուցակում։ «7օր»–ի հետ  զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս երևույթին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե նախընտրական ցուցակների  մասին խոսելը դեռևս վաղ է։

Քանի որ հիմա նախընտրական գործընթացներ են գնում, ապա շատ նորմալ է, որ ոչ միայն ՀՀԿ–ի, այլ նաև այլ կուսակցությունների շուրջը համախմբում լինի։ Ես կարծում եմ, որ այստեղ նպատակը ոչ միայն ցուցակում հայտնվելու խնդիրն է, այլև տարբեր առաջարկություններ անելու խնդիրը։ Իհարկե, որոշակի նպատակ կա, բայց ես դա շատ նորմալ եմ գնահատում։ Կարծում եմ, որ ցանկացած ընտրությունից առաջ դաշինքներ, համաձայնություններ ձևավորվում են,–ասել է նա։

Հարցին, թե ընդունելի՞ է, որ անգամ այն կուսակցությունները, որոնք  ժամանակին վատ են արտահայտվել ՀՀԿ–ի մասին, այսօր սիրաշահում են նրան, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե ժամանակները փոխվում են, և կուսակցությունները կարող են փոխել իրենց նախնական կարծիքները։

–Չի բացառվում, որ ժամանակին այն քաղաքական ուժը, որը  քննադատել է տվյալ կուսակցությանը, մի քիչ այլ դրսևորում ունենա։ Դա ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիր  դաշտում է տեղի ունենում։  Հայացնքերի ու նպատակների խնդիրներ են։ Այսպիսի  արտահայտությունները դեռ չեն նշանակում, որ քաղաքական–գաղափարական միասնություն կա ՀՀԿ–ի ու, ասենք, Խոսրով Հարությունյանի կուսակցության միջև։ Խնդիրն այն է, որ ընտրական շրջան է, ու մարդիկ ունեցած  վերաբերմունքներ են փոխում տեղի անենալիք ընտրությունների վերաբերյալ։ Ի վերջո, այսօր ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, երեկ կամ մի քանի տարի առաջ մեկ ուրիշն էր, և փոխվելով՝ կուսակցությունն ինքն իր դիրքորոշումները, վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ փոխում է, և դա շատ բնական երևույթ է,–ընդգծել է նա։

Այն հարցին, թե անձամբ ինքը կո՞ղմ կլինի, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում հայտնվի, ասենք,  Խոսրով Հարությունյանի անունը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե ցուցակներ կազմելն իր որոշելու խնդիրը չէ։

–Դեռ վաղ է ցուցակներից խոսել։ Ես զերծ եմ մնում մեկնաբանություններ անելուց, թե ով կմտնի, ով չի մտնի։ Խոսրով անձի խնդիրը  չէ այստեղ, որովհետև այնտեղ կա կուսակցություն և որոշակի  գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ։ Ժամանակը  կգա, ու մեր կուսակցության  խորհուրդը պետք է նստի  ու որոշի, թե ինչն է նպտակահարմար, ինչը՝ ոչ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը