Լրահոս

19.01.2012 14:44


Սիրվարդ Գալստյան. «1990-ի հունվարին Բաքվում մեզ հեռուստացույցով հանգստացնում էին, որ ոչ մի ջարդ էլ չկա»

Սիրվարդ Գալստյան. «1990-ի հունվարին Բաքվում մեզ հեռուստացույցով հանգստացնում էին, որ ոչ մի ջարդ էլ չկա»

Այսօր լրագրողների հարցերին են պատասխանել Բաքվում 1990–ին հայերի ջարդերի ականատեսներ Արեգա Բալայանը, Սիրվարդ Գալստյանը և Լիդա Հարությունյանը։ Թեև նրանցից միայն Սիրվարդ Գալստյանն է ականատես եղել 1990-ին Բաքվում տեղի ունեցող հայերի ջարդերին, սակայն մյուս երկու հյուրերը փաստել են, որ ահավոր վախի ու ատելության մթնոլորտ էր տիրում Ադրբեջանում։

–Ես ծնվել եմ Ղարաբաղում, բայց ամուսնացել եմ Բաքվում։ Երբ երկրաշարժը եղավ, Բաքվում ազերիներն ուրախացան։ Ես էլ վախենում էի դուրս գալ։ Դրանից հետո ամուսնուս ու երեխաներիս հետ տեղափոխվեցի Երևան,– ասել է Արեգա Բալայանը, ով 1990-ի ջարդերի ժամանակ Բաքվում չի եղել, բայց մինչ այդ արդեն զգացել է, թե ինչ մթնոլորտ է տիրում ու հեռացել Ադրբեջանից՝ Բաքվում թողնելով իր չորսսենյականոց բնակարանը։

Լիդա Հարությունյանն իր հերթին նշել է, որ 1988-ի Սումգայիթի դեպքերից հետո եկել է Հայաստան, իսկ 1989-ի հունվարին նորից գնացել Բաքու՝ կարծելով, որ իրենց ունեցվածքից կարող են որևէ բան փրկել։ Սակայն օգոստոսի 25-ին նրանք զինված կողոպուտի ենթարկվեցին ազերիների կողմից, այնուհետև կրկին հեռացան Ադրբեջանից։ Հարությունյանը հարազատներ է կորցրել Սումգայիթում ու դեպքերի համար մեղադրում է նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին.

–Նա չորս օր հետո միայն... նա անուշադրության մատնեց այդ դեպքերը։ Մերձբալթյան երկրները պահանջում են, որ Գորբաչովին զրկեն Նոբելյան մրցանակից, ու ես համաձայն եմ իրենց հետ։

Սիրվարդ Գալստյանը, որը 1990-ի հունվարին ապրում ու աշխատում էր Բաքվում, կորցրել է երեխային։ Գալստյանը նշել է, որ այդ օրերին հեռուստացույցով բոլորին հանգստացնում էին՝ իբր ոչ մի ջարդ էլ չկա և այլն, բայց իրականությունն այլ էր։ Նրա հարազատներից շատերը ցրվեցին աշխարհի տարբեր մասեր, իսկ երեխաներին տարբեր նավերով տեղափոխեցին Թուրքմենստան, ու նա ստիպված էր երեխաների մեջքին գրել Հայաստանի իր հասցեն՝ Գորիսի հայրական տան։ Սակայն երեխաներից մեկին նա կորցրել  է։

Հյուրերը նշել են, որ մոտ 10 տարի առաջ Սախարովի հիմնադրամին նրանք ներկայացրել են փաստաթղթեր, որտեղ նշել են՝ ինչ սեփականություն են թողել Բաքվում փոխհատուցում ստանալու համար։

Բայց մինչ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել, – նշել է Լիդա Հարությունյանը։

Հարցին՝ կվերադառնա՞ն արդյոք նրանք նորից Բաքու, եթե ամեն ինչ հարթվի, երեք հյուրերն էլ միանշանակ ասել են՝ ոչ։

Ո՞վ կարող է այդպիսի բան անել, այսքանից հետո այդպիսի մարդ կլինի՞, որ կվերադառնա։ Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդ լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը