Լրահոս

18.01.2012 13:21


ՊԵԿ նախագահի տեղակալ. «Խոշոր հարկեր վճարողների բեռը ավելացել է»

ՊԵԿ նախագահի տեղակալ. «Խոշոր հարկեր վճարողների բեռը ավելացել է»

Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Ալավերդյանը նշել է, որ 2012թ. պետբյուջեն ապահովելու համար կան մի շարք գործոններ։ Առաջին հիմնական հանգամանքը կապված է տնտեսական աճի հետ։ Մյուս հանգամանքն այն է, որ հարկային և մաքսային քաղաքականությունը ստվերային տնտեսության միջոցները բյուջե մուտքագրելուն է ուղղված լինելու։

Անդրադառնալով պետական բյուջեն 101 մլրդ–ով ավելացնելու հարցին՝ Ալավերդյանն ասել է.

–Հարկ վճարողների տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել և ունենալու ենք։ Առաջին հերթին հրավիրում ենք խոշոր հարկ վճարողներին, ավելացված հարկ վճարողներին, նրաց, ովքեր մեծ բեռ ունեն բյուջեն լրացնելու գործում։ Բյուջեի 80%–ը ապահովում են 3-4 հազ. հարկ վճարող սուբյեկտները։ Այդ ութսուն տոկոսի մեջ խոշոր հարկ վճարողները մոտ վաթսուն տոկոսն են լրացնում։

Ալավերդյանը նշել է, որ փոքր ու միջին բիզնեսի վրա էլ է բեռ լինելու ու ավելացրել.

Մենք չենք անհանգստացնելու իրենց մեր ստուգումներով, միայն նրանց, ովքեր ռիսկային ցանկերում են։

Ռիսկային ցանկում հայտնված սուբյեկտները, ըստ Ալավերդյանի,  2380–ն են։ Ստուգումներ իրականացվելու են բացառապես այդ 2380 կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակված է։ Ցանկը ընտրված է համակարգչային ծրագրի միջոցով, բալային համակարգով. ում ռիսկերը բարձր բալերով են գնահատվել, դրանք էլ ընդգրկվել են այդ ցուցակի մեջ։

Անդրադառնալով  այն հրապարակումներին, թե «Մոսկվիչկա» սուպերմարկետում երեկվանից ՀԴՄ կտրոն չեն տալիս, Ալավերդյանն ասել է.

–ՀՀ–ում չկա տնտեսվարող սուբյեկտ, որն ինչ–որ սայթաքում, խախտում չանի։ Լինում են դեպքեր, երբ խոշոր սուպերմարկետների վաճառողները ՀԴՄ չեն տալիս։ Մեզ ահազանգում են, մենք համապատասխան անձանց՝ տեսուչներին ուղարկում ենք ու խախտումը արձանագրելով՝  տուգանում։

Ալավերդյանը զգուշացրել է, որ այս տարի այդ սուպերմարկետները պետք է ավելի զգույշ լինեն, որովհետև խախտումների դեպքում ավելի խիստ են տուգանվելու։

ՊԵԿ նախագահի տեղակալը նաև նշել է, որ խոշոր հարկեր վճարողների բեռը ավելացել է, և դա է վկայում վիճակագրությունը։

–Երեք տարի առաջ նրանց վճարած հարկերի բաժինը բյուջեում կազմել է 35-40 տոկոս, 2010-ին՝ 54%, իսկ 2011–ին՝ 61%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը