Հարցազրույց

17.01.2012 15:50


Լյովա Խաչատրյան.

Լյովա Խաչատրյան.

Հարցազրույց 2007թ. մայիսի 12-ին թիվ 14 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված, անկուսակցական, «Նիգ–Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանի հետ

–«Նիգ–Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը հայտարարել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է թիվ 14 ընտրատարածքում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս որոշումը։

–Միշտ պատրաստ լինելով։

–Այսի՞նքն։

–Դեեե, հավանաբար միշտ պատրաստ է՝ ինչ ասեն, նա անի։ Միշտ պատրաստ լինելով, այդպես էլ գրեք։

–Կարծում եք՝ նրա այս որոշումն անձամբ Ձե՞ր դեմ է ուղղված։

–Ո՛չ։ Նրա որոշումը չէ. ինքը նման որոշում իմ դեմ իրեն թույլ չէր տա։

–Ուզում եք ասել՝ Վրեժ Մարկոսյանին ստիպե՞լ են նման որոշում կայացնել։

–Դա իրենից հարցրե՛ք։

–Ամեն դեպքում, նրա առաջադրվելը Ձեր ընտրվելուն ինչ–որ ձևով կխոչընդոտի՞։

–Չեմ կարող ասել՝ ինչը ինչին կխոչընդոտի։ Ընտրությունները ցույց կտան։

–Վրեժ Մարկոսյանին արժանի մրցակից համարո՞ւմ եք։

–Իմ բոլոր ընկերներն էլ արժանի մարդիկ են, հետևաբար կարող են լինել արժանի մրցակիցներ։

–Իսկ եթե նա իրոք իր թեկնածությունն առաջադրի այն նույն ընտրատարածքում, որտեղից Դուք 2007–ին ընտրվել եք պատգամավոր, հնարավո՞ր է, որ հրաժարվեք այդ ընտրատարածքում առաջադրվելուց և ընդհանրապես հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց։

–Եթե իմ ընկերներն ինձ ապացուցեն, բացատրեն, թե որն է պատճառը, որ իմ փոխարեն ինչ–որ մեկը պիտի առաջադրվի, որոնք են իմ աշխատանքի թերությունները, այն դեպքում, երբ ցանկացած հարցում ցույց է տալիս, որ իմ վարկանիշը շատ բարձր է, բացատրեն, թե արդյոք ես վա՞տ եմ աշխատել գյուղացու համար, գյուղատնտեսությունում ինչ–որ բացեր եմ ունեցել, անփութություններ են եղել, այդ ժամանակ միգուցե և հրաժարվեմ առաջադրվելուց։ Պատգամավոր լինելն ինձ համար ինքնանպատակ չէ։ Իմ նպատակը գյուղացուն, գյուղատնտեսությանը, ժողովրդին առավելագույնս ծառայելն է։

–Հարցումներից խոսեցիք, հավանաբար նկատի ունեիք սոցիոլոգիական կենտրոններից մեկի հարցումը, որտեղ աշխատանքի արդյունավետության առումով ԱԺ պատգամավորների թվում Դուք 4–րդ տեղում եք։

–Ե՛վ այդ հարցումը, և՛ նախորդ հարցումները, որոնցով իմ վարկանիշը բավական բարձր է գնահատվում։

–Իսկ եթե Ձեզ հիմնավոր պատճառներ չբերեն, նշանակում է, որ Դուք և Վրեժ Մարկոսյանը պայքարելու եք միմյանց դե՞մ։

–Եթե ինքն իրեն չկարողանա համոզել, ինքն իրեն չբացատրի՝ ինչն է պատճառն իր առաջադրվելու, ինձ համար դա անհասկանալի կլինի։ Եթե ինքն ինձ համոզի իմ չառաջադրվելու պատճառների մեջ, և ես առաջադրվեմ, ե՛ս կլինեմ անհասկանալի։

–Մի այսպիսի կարծիք կա, որ, այսպես ասած, ապարանյան կլանը Ձեզ ուզում է լուսանցքում թողնել։ Ի՞նչ կասեք այս մասին։

–Ապարանյան կլանը (եթե այդպիսի կլան գոյություն ունի) չի կարող ներկայացնել Ապարանի ժողովրդի կարծիքը։ Եվ ընդհանրապես որևէ մեկն ապարանցու կարծիքը ներկայացնել չի կարող։ Կարծում եմ՝ կարելի է եզրակացնել, թե ինչ արժեն ապարանյան այդ կլանի, թե կլանիկի որոշումներն ընդհանրապես և՛ հայ ժողովորդի, և՛ ապարանցիների, և՛ յուրաքանչյուրիս համար։ Անցյալ ընտրություններում, երբ «Նիգ–Ապարանի» գործադիր տնօրենն էր առաջադրվել, ինչպես նաև առաջադրվել էր կայացած քաղաքական գործիչ, «Նիգ–Ապարանի» խորհրդի անդամ Աղասի Արշակյանը, ներքին կարգով որոշեցին նրանց չպաշտպանել։

–Այժմ շրջանառության մեջ է դրվել 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը։ Դուք կո՞ղմ եք այդպիսի ընտրակարգին։

–Քաղաքացիական հասարակության կայացման ապագան միանշանակորեն 100%–անոց համամասնական ընտրակարգն է։ Սա կնպաստի նաև կուսակցությունների և քաղաքական դաշտի կայացմանը։ Պարզապես քննարկման առարկա է՝ հիմա միանգամի՞ց դա պետք է անել, թե՞ մասնակի։

–Իսկ եթե, այդուհանդերձ, հաջողվի այդ ընտրակարգը հաստատել մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները, Դուք ո՞ր կուսակցությունով կգնաք ընտրությունների։

–Ես կծանոթանամ նրանց ծրագրերի հետ, որտեղ ինձ հատկապես կհետաքրքրի՝ գյուղատնտեսության, գյուղացու հետ կապված ինչպիսի տեսակետ ունի տվյալ քաղաքական ուժը, ինչպես է տեսնում գյուղացու ապագան և ինչպես է գնահատում անցյալը, ի՞նչն էր պատճառը, որ մենք ունեցանք գյուղատնտեսության անկում այն ժամանակ, երբ պետք է շեշտակի աճ ունենայինք։ Եվ ըստ այդմ էլ ես կկողմնորոշվեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը