Լրահոս

16.01.2012 18:19


Ա. Բադալյան. «Ծառուկյանն իր խոսքի տերը եղավ»

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը շեշտել է, որ քաղաքական դաշտում մնացել է երեք ուժ, եւ եթե ՀՀԿ-ն կարողանա կեղծիքներ իրականացնելով վերցնել ՀԱԿ-ի ձայները՝ չեզոքացնելով վերջինիս, ապա հաջորդ հարվածը ստանալու է ԲՀԿ-ն, ու այստեղ ամենեւին էլ որեւէ դեր չեն կարող կատարել ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները, քանզի ավտորիտար կառավարման համակարգերն ունեն օրինաչափություններ՝ այդ համակարգը չի հանդուրժում այլընտրանք: «Այնպես որ, այսօր հենց ԲՀԿ շահից է բխում, որ ընտրություններն ազնիվ եւ թափանցիկ անցնեն, որովհետեւ իրենք են հարվածի տակ ընկնելու: Եթե անգամ ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ձայներ չխլի եւ կեղծի միայն ՀԱԿ-ի հաշվին, ապա այդ դեպքում էլ նա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ունենում եւ դառնում է որոշող, ու անգամ ԲՀԿ-ի, ասենք, 30 տոկոսը արժեզրկվում է:

Այսօր արդեն հստակ է, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ է ընթանալու պայքարը եւ այդ պատճառով այս երեքից երկուսը պետք է շահագրգռված լինեն, որ երրորդն իրենց հաշվին զեղծարարություն չանի»,- շեշտել է Արմեն Բադալյանը: Նա նաեւ ասել է, որ այս դեպքում, երբ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրություններին գնում են առանձին ցուցակով, պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգն ունի «երկու սեփականատեր՝ 50-50 տոկոս բաժնետոմսերով», այսինքն` պետական կառավարման համակարգի «տերերը» ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն են: Արմեն Բադալյանը կարեւորել է նաեւ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր խոսքի տերը եղավ եւ այսօր արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի հնարավորություններին քաղտեխնոլոգը շեշտել է, որ միմիայն ՀԱԿ-ի լավ կամ վատ աշխատանքից է կախված, թե արդյոք այդ ուժն ինչ տեղ կզբաղեցնի խորհրդարանում: «Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին՝ Դաշնակցություն, Ժառանգություն, ապա վերջիններս, ճիշտ է, դուրս չեն եկել քաղաքական դաշտից, բայց արդեն դարձել են շատ թույլ ուժեր, եւ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունենալու»,- ասել է Բադալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը