Տնտեսական

14.01.2012 13:37


ՀՀ ֆինանսների նախարարության 2011թ. հաշվետվություն

ՀՀ ֆինանսների նախարարության 2011թ. հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվություն

Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հաշվեկշռված իրականացմամբ: Ընդ որում` հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես պայմանավորված են եղել նախարարության կողմից` իր իրավասությունների շրջանակներում, իրականացված տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:

Մակրոտնտեսական արդյունքներ

2011թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 4.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 105.7 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2011թ. արդյունքներով կկազմի շուրջ 3201 ԱՄՆ դոլար: 2011թ. արդյունքներով արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.7, իսկ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերինը` 1.6-ական տոկոսային կետ: Անկում կարձանագրվի միայն շինարարության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 0.7 տոկոսային կետ): 2011թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել են 825.36 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.5 տոկոսով: 2011թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել են 890.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 6.5 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2011թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 1.7 տոկոսը` նախորդ տարվա 2.9 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 3.3 տոկոս, նախորդ տարվա 5 տոկոսի և նախատեսված 3.9 տոկոսի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք կարևոր քայլեր

Մշակվել և փորձարկվել է Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգը (ծրագրային  և ապարատային ապահովումները): Մշակվել է «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ պետական մարմինները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բաց ընթացակարգով կատարվող գնումները 2012 թվականի հունվարի 1-ից իրականացնելու են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Հայաստանը 2011 թվականի սեպտեմբերի 15-ին անդամակցել է ԱՀԿ Պետական Գնումների Համաձայնագրին: 2011 թվականին շարունակվել են գանձապետական առցանց կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Նշված համակարգը հունիս-հուլիս ամիսներին ներդրվեց մարզպետարաններում, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` պետական հիմնարկներում: 2012 թվականի պետական բյուջեի մասով լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրում ապահովող համապատասխան օրենսդրական հիմքի ձևավորման նպատակով մշակվել և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդունվել է ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող` հարկային օրենսդրության փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթը: Մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար ռոյալթիների հաշվարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրների հստակեցման, ինչպես նաև բնօգտագործման վճարի փոխարեն ռոյալթիի սահմանման նպատակով մշակվել և 2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակներում մշակվել և ՀՀ կառավարություն է  ներկայացվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին». ՀՀ օրենքի նախագիծը, որով լիցենզավորման համար պահանջվող փաստաթղթերի քանակը կրճատվել է: Մշակվել և 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնցով ներդրվել է լիցենզավորման գործընթացի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացման համակարգը` զուգահեռաբար վերացնելով նաև կնիքի պահանջը: Արդյունքում հնարավորություն է ընձեռնվել ինտերնետի միջոցով դիմել լիցենզիայի համար, հետևել ներկայացված դիմումի քննարկման ընթացքին, միաժամանակ համակարգը սահմանում է կոնկրետ կատարողի համար օրենքով սահմանված վերջնաժամկետ: Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից ելնելով 2011 թվականի հուլիսի 28-ին ընդունվել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների` ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները սահմանելու մասին»  ՀՀ կառավարության թիվ 1190-Ն որոշումը: Հաշվի առնելով, որ  համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նորովի ընդգծեց պարտքի կայունության հիմնախնդիրը` նախաձեռնվեց և համաշխարհային պրակտիկայում հայտնի և տնտեսագետների կողմից լայն կիրառություն ունեցող մոդելների միջոցով իրականացվեց Հայաստանի պարտքի կայունության վերլուծություն, որը քննարկվեց բոլոր մասնագիտական շահառուների շրջանակներում և քննարկման արդյունքներով հրապարակվեց նախարարության կայքէջում: Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում): Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: 2011թ. ընթացքում «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով սուբսիդավորվել է թվով 419 վարկառուների` ընդամենը 119.2 մլն դրամ գումարով: ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել են 112 ստուգումներ, որի արդյունքում վերականգնվել և վերաձևակերպվել 8,644.9 մլն դրամ:  Նախորդ տարիներին արձանագրված գումարներից 2011թ. ընթացքում վերականգնվել/վերաձևակերպվել է 2,722.3 մլն դրամ: Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել են «Ֆինանսական կառավարման և հսկողության մասին» և «Ֆինանսական տեսչության մասին» ՀՀ օրենքների նախագծերի հայեցակարգերը, որոնց ընդունմամբ կսահմանվեն նշված օրենքների նախագծերի հիմնադրույթները:

Այս խորագրի վերջին նյութերը