Քաղաքական

12.04.2026 14:21


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ)

Հայաստանում ապրիլի 9-ին ավարտվել է Ռուսաստանից մարդասիրական օգնության տրամադրման ևս մեկ փուլ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում: Ստացողների թվում են ամենախոցելի խմբերը՝ բազմազավակ, կերակրողին կորցրած, հաշմանդամներ ունեցող ընտանիքներ և միայնակ տարեցներ: Նրանք ստացել են սնունդ, հիգիենայի պարագաներ, կենցաղային նյութեր և մանկական ապրանքներ։

Ակցիայի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն՝ «Եվրասիա» ՀԿ-ի և Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ՝ ադմինիստրատիվ մարմինների և կամավորականների աջակցությամբ։

Նախագիծը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 31-ից և տևել է ավելի քան ութուկես ամիս՝ մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը: Այս ընթացքում մարդասիրական օգնություն է տրամադրվել 9,310 ընտանիքի՝ ավելի քան 40,000 մարդու։ Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ստեղծվել են բաշխման կետեր, ինչպես նաև իրականացվել են հասցեական առաքումներ շարժունակության սահմանափակ հնարավորություններ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ընդհանուր առմամբ, նախագիծը ներառել է Հայաստանի 45 քաղաքներ և գյուղեր՝ ապահովելով աջակցություն տեղահանված անձանց համար Հանրապետության բոլոր շրջաններում։

«Մենք հիանալի հասկանում ենք՝ այստեղ ամենակարևորը փաթեթների քանակը չէ, այլ դրանց հետևում կանգնած խնամքն ու ուշադրությունը։ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ իր համար, այսպես կոչված, արտաքին խնդիրներ չկան։ Այսօրվա պայմաններում կարևոր է հիշել միասնության և փոխօգնության ուժը։ Մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն, եթե աջակցենք միմյանց»,-նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

Ռուսական մարդասիրական առաքելության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը խոսել է Հայաստանում կազմակերպության երկարամյա գործունեության մասին. «Վերջին տարիներին Ռուսաստանի մարդասիրական առաքելությունն այցելել է Հայաստանի բոլոր շրջաններ, և այս նախագիծը դարձել է մեր համակարգված աշխատանքի կարևոր փուլ երկրում»։

Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ մարդասիրական օգնության մատակարարման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարանջատում մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, իսկ Ռուսաստանը՝ հակառակը, ձգտում է միավորման և հարաբերությունների զարգացման:

Այս խորագրի վերջին նյութերը