Կարծիք

10.04.2026 15:53


Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel

Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel

Ըստ պարբերականի՝ այս հրադադարի արդյունքում իրական հաղթող կողմը եղավ Իրանը, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ն կամ Իսրայելը:

Վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում Դոնալդ Թրամփը հասցրել է առավելագույն վնաս։ Իր անխոհեմ, ագրեսիվ պատերազմով, որը խախտեց միջազգային իրավունքը, նա ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ է գցել և ցնցել համաշխարհային տնտեսությունը։ Սակայն հիմա, երբ գինը չափազանց բարձր է դառնում, այսինքն՝ ամերիկացիների կողմից բենզինի գինը, որը նրանք վճարում են բենզալցակայանում, Թրամփը փնտրում է այս հակամարտությունից արագ ելք։ Նրան, հավանաբար, չի հետաքրքրում, թե ինչ պայմաններ են սահմանվում։ Գլխավորն այն է, որ վերջում նա կարողանա հաղթանակած թվալ, նույնիսկ եթե դա նշանակում է ճշմարտությունը խեղաթյուրել, նշում է գերմանական պարբերականը:

Արդեն պարզ է դառնում, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դարձել է այս պատերազմի գլխավոր հաղթողը։ Այն դիմացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին և շարունակում է ունակ լինել ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնելու։ Նավթի վաճառքի շնորհիվ Թեհրանը ավելի շատ գումար է վաստակել, քան երբևէ։ Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցի շրջափակումը Իրանին վերածել է համաշխարհային քաղաքական ասպարեզում ազդեցիկ խաղացողի։ Այսօր արդեն իրանական ռեժիմը վերահսկում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների զգալի մասը և, ամենայն հավանականությամբ, մտադիր չէ հրաժարվել իր ձեռք բերած ազդեցությունից և շահույթից։ Ընդհակառակը, այն կարող է օրինականացնել վերջերս ներդրված միլիոնավոր դոլարների տուրքերը, որոնք այն անվանում է «սակագին»։

Թեհրանի տասը կետից բաղկացած ծրագիրը, որը Թրամփը անվանել է «բանակցությունների հիմք», ակնհայտորեն ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, ուրանի հարստացման իրավունքը և Հորմուզի նեղուցի վերահսկողությունը: Ռեժիմը, որն, իբր, «ջախջախիչ պարտություն է կրել», իրականում, ստիպել է Միացյալ Նահանգներին բանակցել Իսլամական Հանրապետության շահերից ելնելով, նոր տարածաշրջանային կարգի պայմանների շուրջ, նշում է պարբերականը:

Թրամփը, Իսրայելի հետ միասին, փաստացի, բացեց Պանդորայի արկղը՝ խախտելով դիվանագիտության, զսպման և հակազդեցության վրա հիմնված փխրուն հավասարակշռությունը: Դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգները և Իրանը կկարողանան համաձայնության գալ երկարաժամկետ հրադադարի շուրջ: Բայց նույնիսկ եթե նրանք դա անեն, խաղաղությունը կարճատև կլինի: Իրանը կշարունակի ձգտել գերիշխանության: Մերձավոր Արևելքի մյուս պետությունները կզարգացնեն իրենց ռազմական հզորությունը: Իսրայելական բանակը կպատրաստվի նոր հարձակումների: Հաջորդ զինված հակամարտությունը միայն ժամանակի հարց է, նշում է պարբերականը:

Ըստ պարբերականի, այս պատերազմի արդյունքում իրականում պարտվեցին ոչ միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Պարտվեցին նաև բարոյականությունը, Արևմուտքի լուսապայծառ գաղափարը, Ծոցի երկրների հավատը ԱՄՆ-ի հանդեպ և, վերջապես, պարտվեց միջազգային իրավունքը:

Այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվի այդ միջազգային իրավունքին, քանի որ արդեն որերորդ տեղում այն խախտվում է, և պատասխանատվության հարցը բաց է մնում, նշում է պարբերականը:

Դոնալդ Թրամփը ցանկանում էր ցույց տալ Ամերիկայի ուժն ու հզորությունը Իրանի դեմ պատերազմի միջոցով, և հասավ ճիշտ հակառակ արդյունքի, եզրափակում է իր կարծիքը գերմանական պարբերականը։

Պետք է նշել, որ նման կարծիքներով ողողված է արևմտյան մամուլը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արդեն նույնիսկ եվրոպական երկրներում չեն հավատում միջազգային իրավունքի ուժին:

Աշխարհում քիչ տեղերում է, որ դեռ շարունակում են համոզել այդ իրավունքի գոյության վերաբերյալ, այդ քիչ տեղերից է Հայաստանը:

Եվ հուսանք, որ հունիսի 7-ից հետո Հայաստանում էլ փոփոխությամբ կհասկանան, որ այսօրվա աշխարհում արդեն միջազգային իրավունքը փոխարինվել է ռեալ պոլիտիկի սկզբունքի կիրառմամբ:

Իսկ ով դա չհասկանա, կհայտնվի ծանր վիճակում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը