Լրահոս

12.01.2012 11:54


ՀԱՄ. «Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին»

Արեւմուտքը վերստին փորձում է կյանքի կոչել հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները, որոնք հե՛նց թուրքական կողմի նախահարձակ նախապայմանների պատճառով հանգեցին իրենց տրամաբանական վախճանին:

Հայ Արիական Միաբանությունը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ի սկզբանե դեմ էր այդ արձանագրությունների ստորագրմանը, առավել եւս վավերացմանը, ուստի միանշանակ ողջունելի է համարում այս իրավիճակը, որի շարունակական տրամաբանությունն էլ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս իրավաբանորեն հետ կանչել այդ արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը:

Չնայած ի սկզբանե դեմ լինելուն, Հայ Արիական Միաբանությունը գնահատում է ՀՀ իշխանությունների սկզբունքայնությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններին դիմակայելու եւ արժանի հակահարված տալու հարցում: Ավելին՝ հայկական դիվանագիտությունը կարողացավ ի ցույց աշխարհի բացահայտել, որ Անկարան ու Բաքուն չեն կարող վարել առանձին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանզի Արցախ-ԼՂՀ անկախության հարցը անբաժանելի մաս էր դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Իսկ համաթուրքական նկրտումները շարունակում են ամուր տեղ գրավել այդ երկրների արտաքին քաղաքականությունում եւ «Մեծ Թուրան» ստեղծելու սին գաղափարները հանգիստ չեն տալիս թյուրքական տարրին, որը դարեր շարունակ բնակվում է Հայաստանից բռնազավթած տարածքներում եւ դեռ ավելի մեծ նկրտումներ ունի՝ «1 ազգ՝ 6 պետություն» Կովկաս-Միջինասիական ծրագրով, մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան… Թուրք-ադրբեջանական նկրտումները նաեւ դեպի հարավ են ծավալվում՝ իրանական Ադրբեջանների, Սիրիայի եւ Իրաքի տարածքների ուղղությամբ: Հայտնի է, որ դեպի Եվրոպա եւս ծավալումների երազանք ունի Անկարան՝ ի դեմս Հունաստանի եւ Բուլղարիայի:

Այս ծավալապաշտական գաղափարները եւ ծրագրերը վստահաբար տեսանելի են ինչպես Արեւմուտքի՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, այնպես էլ  Ռուսաստանի, Արեւելքի՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի եւ արաբական աշխարհի ու այլոց համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը նաեւ Եվրոպա է շտապում, հանուն իր նեոօսմանական եւ նեոպանթուրքիստական շահերի, այսօր ոտնատակ է տալիս հենց նույն Արեւմուտքի շահերը:

Եթե Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, նկատում է այս՝ արդեն գործի դրված վտանգը, ապա ԱՄՆ-ն դեռ փորձում է արդեն տապալված հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնել եւ տարօրինակորեն դա առավելապես պարտադրվում է պաշտոնական Երեւանին: Այնինչ՝ թուրքական կողմը անգամ պատժի չի արժանացել պաշտոնական Վաշինգտոնին խաբելու եւ խաղացնելու համար:

Փարիզը, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը ժխտե­լու փաս­տը քրեա­կա­նաց­նող օ­րի­նագ­ծի ըն­դուն­ման քաղաքականությամբ, ինչը Ֆրանսիայի նախագահը խոստացել է դարձնել համաեվրոպական քաղաքականություն, կարծես թե փորձում է պատժել Անկարային նախկին հանցանքների համար, նաեւ նախազգուշացնել՝ հետագա ծավալումներից ու հանցանքներից զերծ մնալու առումով: Նույնը սակայն չի կարելի ասել Վաշինգտոնի եւ Մոսկվայի մասին: Չնայած վերջերս ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը ձայ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յամբ բա­նա­ձեւ ըն­դու­նեց՝ կոչ ա­նե­լով Թուր­քիա­յի կա­ռա­վա­րութ­յա­նը վե­րա­դարձ­նել բռնագ­րավ­ված մի քանի հազար քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­ներ եւ այլ կալ­վածք­ներ ի­րենց օ­րի­նա­կան տե­րե­րի­ն՝ հայերին, իսկ Կրեմլը խստացրեց Թուրքիայի հետ հարաբերությունները Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:

Հայ Արիական Միաբանություը ՀՀ իշխանություններին եւս մեկ անգամ կոչ է անում հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը, դրա ձախողման մեղադրանքը՝ ուղղված թուրքական կողմին, ներկայացնել բոլոր մասնակից երկրներին եւ սեղանին դնել բոլոր հիմնավորումները առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են որպես մեկ պետություն, որին դիմակայելու համար Հայաստանն ու Արցախը նույնպես պետք է գործեն այդ սկզբունքով, ավելին՝ Արցախ-ԼՂՀ անկախության միջազգայնորեն չճանաչումը պետք է լուծել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման նախկին որոշման վերահաստատմամբ:

Հայաստանը չի կարող պարտադրվա՛ծ հարաբերություններ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանզի այս պետությունները նույն հակահա՛յ շահերն են հետապնդում տարածաշրջանում: Եվ այն պետությունները, որոնք կպարտադրեն Երեւանին ու Ստեփանակերտին գնալ նման հարաբերությունների հաստատման, պետք է հռչակվեն Հայաստանի ու հայության թշնամիներ, եւ պաշտոնական Երեւանը պետք է խզի հարաբերություններն այդ երկրների հետ:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը