Կարծիք

07.04.2026 15:27


Ըստ Թրամփի՝ արդեն ապրիլի 7-ին Իրանը պիտի քարե դարում հայտնվի, սակայն․․․

Ըստ Թրամփի՝ արդեն ապրիլի 7-ին Իրանը պիտի քարե դարում հայտնվի, սակայն․․․

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր կարևոր էներգետիկ օբյեկտները, եթե չկատարի ԱՄՆ պահանջները: Վերջնագրի ժամկետը լրանում է այսօր, ապրիլի 7-ին: Հորմուզի նեղուցի բացումը Թրամփի պահանջների թվում է, չնայած նա նախկինում հայտարարել էր, որ դա իրեն չի անհանգստացնում:

Երեկ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում», և որ նեղուցի շուրջ բանակցությունների վերսկսումը «շատ կարևոր առաջնահերթություն» է։

Թրամփը ուրվագծեց այն հետևանքները, որոնց կբախվի Իրանը, եթե երեքշաբթի օրը մինչև ժամը 20:00-ն արևելյան ժամանակով համաձայնագիր չկնքվի։ Նա ասաց, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են ոչնչացնել «Իրանի բոլոր կամուրջները մինչև վաղը կեսգիշեր»։ Էլեկտրակայանները «կայրվեն, կպայթեն և կդառնան անօգտագործելի», - ասաց նա։

Մինչդեռ, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները արգելված են Ժնևի կոնվենցիաներով, բայց Թրամփը նշեց, որ իրեն «բացարձակապես չի անհանգստանում» պատերազմական հանցագործություններ կատարելու հեռանկարը։

«Ես խոսում եմ մինչև ժամը 12-ը լիակատար ոչնչացման մասին, և դա կարող է տեղի ունենալ չորս ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք», - ասաց նա։ «Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա»։

Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի Թրամփի կողմից քաղաքացիական թիրախների վրա հարվածների սպառնալիքին՝ խոստանալով ակտիվացնել Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա սեփական հարձակումները: Նման քայլը կարող է սրել վառելիքի համաշխարհային պակասը և մեծացնել համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը, նշում է գործակալությունը:

Սինգապուրի գլխավոր դիվանագետը զգուշացրել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները կարող են վատթարանալ և խորհուրդ է տվել ներդրողներին հարմարվել նոր պայմաններին: «Ես համոզված եմ, որ շուկաները լիովին չեն կանխատեսել ամենավատ սցենարը», - Bloomberg Television-ին ասել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը:

Երեկ Թրամփը հայտարարել էր, որ բանակցություններին մասնակցում է փոխնախագահ Ջոն Վենսը։

Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, իրանական կողմը մերժել է հանդիպել նաև ԱՄՆ-ի փոխնախագահի հետ:

Երեկ Թրամփը «չափազանց անհավանական» անվանեց, որ վերջնաժամկետը կրկին կհետաձգվի։

Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ նեղուցով նավագնացությունը կվերսկսի միայն պատերազմական վնասի համար փոխհատուցում ստանալուց հետո։ Թեհրանը շարունակում է հարվածել Պարսից ծոցի հարևան երկրների էներգետիկ օբյեկտներին։

Ամերիկյան Axios պարբերականը հայտնել է, որ Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան պնդում են 45-օրյա հրադադարի վրա՝ կանխելու համար Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամերիկյան հարվածների սպառնալիքը և Իսլամական Հանրապետության կողմից տարածաշրջանի երկրների դեմ ձեռնարկվող պատասխան միջոցառումները։

Այսպիսով, այսօր արդեն հայտնի կդառնա, թե ինչ որոշում կընդունի Թրամփը:

Եթե նա որոշի հարվածել Իրանի քաղաքացիական օբյեկտներին, ապա դա կբերի միջազգային շրջանակներում խիստ բացասական արձագանք:

Բացի այդ, Իրանը կպատասխանի արդեն Ծոցի մյուս երկրների համանման օբյեկտները թիրախ դարձնելով, որի արդյունքում, պատերազմի դադարեցումը կդառնա, գրեթե անհնարին:

Փաստացի, Թրամփն իր իսկ քայլերի պատճառով հայտնվել է մեծ ծուղակի մեջ, որից դուրս գալ չի կարող:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը