Լրահոս

11.01.2012 17:49


Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում փլուզման առնչությամբ

Հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը.

«Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը:

Մեծապես անհանգստացած սույն փաստով և նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգևոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը:

Դեռևս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան  կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն կդրսևորվի:

Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»:

Այս խորագրի վերջին նյութերը