Լրահոս

11.01.2012 15:56


Խորհրդակցություն` Հայաստանի ազգային արխիվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Հայաստանի ազգային արխիվ, 2011թ. կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց մասնաշենքերում:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղավ Մ. Բաղրամյան պողոտայում գտնվող 2-րդ մասնաշենքում, որտեղ 2011թ. շահագործման է հանձնվել տեղային նշանակության կաթսայատունը` արխիվապահոցների ջերմախոնավային կայուն ռեժիմի ապահովման նպատակով:

Կենտրոնական մասնաշենքում Ա. Գեւորգյանին ներկայացվեցին 2011թ. ընթացքում ձեռք բերված թվայնացնող գերհզոր սարքերը, որոնք հնարավորություն են տալիս արագացնել փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Տեղեկացվեց, որ եթե 2003-2010թթ. թվայնացվել էր ընդամենը 10 հազ. էջ թղթե կրիչով փաստաթուղթ, ապա 2011թ. մայիսից, սարքերի ձեռքբերումից հետո, 50 հազ. 370 էջ:

Շրջայցին հաջորդած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին 2011 թ. կատարված աշխատանքները եւ 2012-ի անելիքները: Նշվեց, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ արխիվում առկա է 6 291 ֆոնդ` 4 025 784 արխիվային գործով, այդ թվում` 225 554 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2011թ. թվայնացվել է նաեւ 1220 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ, դրանց թվայնացման գործընթացը կավարտվի 2013թ. վերջին:

2011թ. արխիվային պահպանության է ընդունվել 26136 գործավարական, 15 530 անձնակազմին վերաբերող, 8208 երկարաժամկետ պահպանման եւ 3029 անձնական ծագում ունեցող գործ: Պատասխանվել է քաղաքացիներից (այդ թվում` արտասահմանից) ստացված մոտ 24 հազար սոցիալ-իրավական բնույթի հարցման: Հարցումների 93 տոկոսին դրական պատասխան է տրվել: Անցած տարի արխիվն ունեցել է 485 ուսումնասիրող` նախորդ տարվա 418-ի փոխարեն: Ուսումնասիրությունները հիմնականում եղել են հայրենագիտության թեմաներով:

Տարվա ընթացքում կազմակերպվել է արխիվային փաստաթղթերի 14 թեմատիկ ցուցահանդես, այդ թվում` արխիվի 10 մարզային մասնաճյուղերի կողմից մարզկենտրոններում բացվել են ցուցահանդեսներ` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման 15- ամյակին: Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված "Հայաստանի երեք հանրապետությունները" խորագրով մշտական ցուցահանդեսը: Լույս է տեսել փաստաթղթերի եւ նյութերի 5 ժողովածու եւ մեկ պատկերագիրք:

Աշխատանքներ են իրականացվել նաեւ միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մասնավորապես` Վրաստանի եւ Ֆինլանդիայի ազգային արխիվների հետ կնքվել են համագործակցության պայմանագրեր: Ուկրաինայի եւ Ռուսաստանի արխիվների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2012թ. կկազմակերպվեն "Հայերը Ղրիմում" եւ "Հայերը Մոսկվայում" թեմաներով ցուցահանդեսներ Հայաստանում ու համապատասխանաբար այդ երկրներում:

Տեղեկացվեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` 2012 թ. կհրատարակվի "Վշտապատում" եռահատոր փաստաթղթերի ժողովածուն, որը 2013 - 2015 թթ. կտպագրվի անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն: Նախատեսվում է ստեղծել ցեղասպանության զոհերի վերաբերյալ արխիվի փաստաթղթերի եւ նյութերի էլեկտրոնային շտեմարան: Կկազմակերպվեն հայ գրատպության 500-ամյակին, ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսներ: Մասնավորապես` "Հայ զինվորականը" խորագրով շարժական ցուցահանդեսը կներկայացվի ՀՀ բանակի զորամասերում:

Շարունակվելու են փաստաթղթերի թվայնացման, արխիվապահոցների վերազինման, համացանցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդլայնման աշխատանքները:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում եւս Ազգային արխիվը պատշաճ կերպով կիրականացնի ծրագրված աշխատանքները: Նա կարեւորեց աշխատանքների` ժամանակի եւ կառույցին առաջադրվող պահանջներին համապատասխան կազմակերպումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը