Քաղաքական

12.03.2026 19:44


Երևանը հրաժարվում է Մոսկվայի օգնությունից՝ նախընտրական շրջանում ՌԴ-ի մասին հիշատակումները ջնջելու համար․ Զախարովա

Երևանը հրաժարվում է Մոսկվայի օգնությունից՝ նախընտրական շրջանում ՌԴ-ի մասին հիշատակումները ջնջելու համար․ Զախարովա

Այն հիմնավորումը, որով Երևանը չի համաձայնվել Ղարաբաղից տեղահանվածների համար Ռուսաստանից մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մատակարարմանը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Այս մասին մարտի 12-ին կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բացառապես բարեգործական և որևէ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելը պայմանավորված է իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ մաքրել Ռուսաստանի մասին բոլոր հիշատակումները։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը երբեք առանց աջակցության և օգնության չի թողել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Այդ օգնության շրջանակներում Արցախից Հայաստան տեղափոխված 7000 ընտանիքների փոխանցվել է 140 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ և հատուկ մանկական հավաքածուներ։

«Հիմնական կարիքների բավարարումը թույլ էր տալիս մարդկանց, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին, ավելի շատ ուշադրություն դարձնել ավելի լուրջ խնդիրների լուծմանը։ Բնակարանային ապահովում, զբաղվածություն, սոցիալական վերաինտեգրում։ Սա, իհարկե, անվերապահորեն տեղական իշխանությունների բացառիկ իրավասությունն է, և հենց այդ նույն մարդասիրական օգնությունը պետք է, ի թիվս այլոց, օգներ նրանց կենտրոնանալ առաջնահերթ նպատակների վրա»,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան մեջբերել է Երևանի կողմից ներկայացված՝ մարդասիրական օգնությունից հրաժարվելու հիմնավորումը. «Չակերտները բացվում են. Նախընտրական շրջանում Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրումը: Մեջբերման ավարտ»։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նման սահմանափակումներ են դրվում միայն այն կառույցների վրա, որոնց անվանումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել, օրինակ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ։ «Ընդ որում, ի՞նչ կապ ունի դա քննարկվող իրավիճակի հետ, չէ՞ որ միջազգային կամ բարեգործական կազմակերպություններին արգելվում է միայն և բացառապես քարոզչություն իրականացնել։ Ի՞նչ կապ ունեն իրար հետ քարոզչությունը և մարդասիրական օգնությունը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ պարզապես անհնար է կարծել, թե սա որևէ կերպ կապված է քարոզչության հետ։ Ակնհայտ է, որ Երևանի մերժումը բացառապես բարեգործական և որևէ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից պայմանավորված է իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ «դե, բառացիորեն, այսպես ասած, մաքրել Ռուսաստանի մասին հիշատակումները»։

«Ու՞մ են վատություն անում։ Իրենց իսկ քաղաքացիներին, որոնք իրոք դրա կարիքն ունեն և որոնք միշտ ստացել են այդ օգնությունը։ Գիտեք, այս ամբողջ իրավիճակն ինձ մոտ հետևյալ հարցն է առաջացնում. իսկ այն մարդկանց, ովքեր ստացել են այդ օգնությունը՝ այդ 140 տոննան, և ովքեր ցանկանում են այն նորից ստանալ, նրանց սա ինչպե՞ս է բացատրվելու։ Որ Ռուսաստանն իբր հրաժարվե՞լ է օգնություն տրամադրել, չի՞ ցանկացել, թե՞ ինչ։ Այդ մասին էլ մի բան կհորինե՞ն։ Պետք չէ։ Այդ դեպքում ասեք այնպես, ինչպես կա. որ պարզապես դուք ինքներդ եք հրաժարվել դրանից։ Ինչո՞՞։ Դե, մտածեք, թե ինչպես դա բացատրել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը