Աշխարհ

10.03.2026 11:40


ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post

ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին երկու օրերին մոտ 5,6 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զինամթերք են ծախսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում աղբյուրների:

Ըստ նրանց տեղեկատվության՝ այդ տվյալները մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: Ինչպես տեղեկացնում են WP-ի աղբյուրները, սպասվում է, որ արդեն այս շաբաթ վարչակազմն օրենսդիրներին կներկայացնի մինչև մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պահանջ ռազմական կարիքների համար:

Պարբերականը նշում է, որ Պենտագոնի գնահատումները «միայն սաստկացրել են որոշ օրենսդիրների անհանգստությունն այն առնչությամբ, թե որքան արագ են ԱՄՆ զինված ուժերը սպառում առավել արդիական սպառազինությունների սահմանափակ պաշարները»:

Միևնույն ժամանակ, հասարակայնության հետ կապերի գծով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փառնելը հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերն «ունեն անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած խնդիր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կատարելու համար»:

Ավելի վաղ The New York Times թերթը ներկայացրել էր գնահատումներ, որոնց համաձայն Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ ծախսել է մոտ 6 միլիարդ դոլար Իրանում ռազմական գործողության առաջին շաբաթվա ընթացքում, որից մոտ 4 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի համար:

Այս խորագրի վերջին նյութերը