Տնտեսական

05.03.2026 11:51


208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. Hetq.am

208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. Hetq.am

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։ Այս մասին գրում է Հետքը։

«Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։

Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։

«Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,-ասաց նա։

«Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։

Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։

«Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,-ասաց Պապոյանը։

«Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները». Ֆինանսների նախարարություն

Չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարները հավաստիացնում են, որ թոշակների բարձրացումը կատարվում է 2025թ. տնտեսական աճի շնորհիվ, Ֆինանսների նախարարությունը համամիտ չէ։

«Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»,-նախագծի ամփոփաթերթում կարծիք է հայտնել Ֆինանսների նախարարությունը՝ առաջարկելով ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը։ Նախարարությունը միաժամանակ առաջարկել է տարվա ընթացքում կատարված տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։

l-iHoqFH3aBi

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը