Կարծիք

28.02.2026 13:46


Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը

Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը

Այսօր, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Միաժամանակ այսօր Իսրայելը կանխարգելիչ հարված հասցրեց Իրանին՝ երկրում հայտարարելով արտակարգ դրություն։

Բաց ռազմական հակամարտության վերածված սրացումը վաղուց էր հասունանում։ Վերջին մի քանի շաբաթները նշանավորվել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր դիվանագիտական ​​ջանքերի ձախողմամբ։ ԱՄՆ նախագահը, նախորդ օրը ելույթ ունենալով, հայտարարեց, որ պատրաստ է Թեհրանի վերաբերյալ «դժվար որոշում» կայացնել։ Նրա դժգոհությունը բանակցությունների ընթացքից ակնհայտ էր. Վաշինգտոնը կոշտ պահանջներ էր ներկայացնում՝ ապամոնտաժել միջուկային օբյեկտները և երկրից դուրս բերել հարստացված ուրանը։ Սակայն Իրանի պատասխանը անփոփոխ էր, Թեհրանը հրաժարվում է կրճատել ուրանի հարստացման իր ծրագիրը։

Այս ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աննախադեպ հայտարարություն արեց՝ կոչ անելով Իրանում գտնվող բոլոր ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, իսկ մյուսներին՝ ձեռնպահ մնալ բոլոր ճանապարհորդություններից։

Մինչ քաղաքական գործիչները փոխանակվում էին վերջնագրերով, զինվորականները պատրաստվում էին վատագույնին: Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հարվածային խմբեր գտնվում են Իրանի ափերի անմիջական մոտակայքում՝ լիակատար մարտական ​​պատրաստության վիճակում: Նրանց ներկայությունը, ըստ փորձագետների, գործնականում անհնար է դարձնում Իրանի կողմից ԱՄՆ շահերի վրա ցանկացած անակնկալ հարձակումը:

Այն, որ ԱՄՆ-ի և Իսրայելի այս որոշումը կոորոդինացված էր, ցույց է տալիս նաև այն, թե Իրանի ժողովրդին ուղղված ինչ սինխրոն կոչերով հանդես եկան Իսրայելի վարչապետն ու Իրանի նախկին միապետի որդին՝ Ռեզա Փեհլեվին:

Ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին՝ իրանական ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ պատասխան գործողության մեկնարկի մասին։

Իրանի բալիստիկ հրթիռների առաջին ալիքն արձակվել է Իսրայելի ուղղությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արձակվել է երեսուն հրթիռ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելի դեմ իր առաջիկա ռազմական գործողությունները անվանել է «Փոթորկի ավարտ»։

Դեռ հայտնի չէ, թե ինչ աստիճանի են իրար դեմ հարվածները և դրա հետևանքով ավերածության աստիճանները:

Սակայն արդեն իսկ պարզ է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը մտել է նոր, շատ ավելի վտանգավոր փուլ, որտեղ միջուկային սպառնալիքի եզրին հավասարակշռվելը դարձել է իրականություն։

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը