Քաղաքական

26.02.2026 11:43


12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի մարտի 16-ին։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը համադրության մեջ հարցեր է առաջացնում։

Անշարժ գույք և «փաստացի տիրապետում»

2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի․ առաջինը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառվել է 41,000,000 դրամով։

Երկրորդ գույքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ «փաստացի տիրապետվող» բնակարան։ Սակայն սեփականության իրավունքի կրողի մասին տվյալ չկա։ Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետը բնակվում կամ օգտագործում է գույք, որի իրավական սեփականատերը չէ։

Տրանսպորտային միջոց

Նախկին փոխոստիկանապետ Հակոբյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Ավտոմեքենա նրա անունով գրանցված չէ։

Բանկային հաշիվներ

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,361,965 դրամ։

Կանխիկ՝ 12,7 մլն դրամ

Փոխոստիկանապետը հայտարարագրել է երկու կանխիկ գումար՝
• 10,000,000 դրամ
• 2,700,000 դրամ

Ընդհանուր՝ 12,700,000 դրամ կանխիկ միջոց։

Կանխիկ միջոցների ծագման վերաբերյալ հայտարարագրում բացատրություն նշված չէ։

Համեմատության համար՝ 2023 թվականի հայտարարագրում նա ունեցել է ընդամենը 1,500,000 դրամ կանխիկ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կանխիկ գումարը աճել է ավելի քան ութ անգամ։

Աշխատավարձ և պարտավորություններ

2024 թվականին ՆԳՆ-ից որպես բարձրաստիճան պաշտոնյա Հակոբյանը ստացել է 14,061,000 դրամ աշխատավարձ։

Միևնույն ժամանակ, 2024 թվականի վերջի դրությամբ նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 4,831,196 դրամ։

Այսպիսով՝ տարեվերջին փոխոստիկանապետը հայտարարագրել է՝
• 12,7 մլն դրամ կանխիկ,
• 1,36 մլն դրամ բանկում,
• 4,83 մլն դրամ վարկային պարտավորություն։

Այլ եկամուտներ հայտարարագրում նշված չեն։

Ընտանեկան կապը համակարգում

Հակոբյանի կինը՝ Մարինե Բաղդասարյանը, աշխատում է նույն համակարգում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, որպես ՀԿՀ ավագ տեսուչ։ Նա աշխատում է այն կառույցում, որի ղեկավար կազմում է իր ամուսինը։

Թվերը և հարցերը

Փաստերը հետևյալն են․
• վաճառված բնակարան՝ 41 մլն դրամով,
• «փաստացի տիրապետվող» գույք՝ անհայտ սեփականատիրոջով,
• մեկ տարվա ընթացքում ութապատիկ աճած կանխիկ միջոցներ,
• աշխատավարձ՝ 14 մլն դրամ,
• վարկային պարտավորություններ՝ 4,8 մլն դրամ։

Այս համադրության մեջ առաջանում են մի քանի տրամաբանական հարցեր․
• Ինչպե՞ս է ձևավորվել 12,7 մլն դրամ կանխիկը, եթե տարեկան եկամուտը կազմել է 14 մլն դրամ, և հայտարարագրված չեն այլ աղբյուրներ։
• Վաճառված բնակարանի 41 մլն դրամը ամբողջությամբ մուտքագրվե՞լ է կանխիկ, թե՞ բանկային ճանապարհով, և ինչպես է արտացոլվել հայտարարագրում՝ չի երևում։
• Ո՞ւմ է պատկանում Ջրվեժի այն բնակարանը, որը փոխոստիկանապետը «փաստացի տիրապետում» է։
• Ինչո՞ւ է պաշտոնյան միաժամանակ պահպանում խոշոր կանխիկ գումար և ունի վարկային պարտավորություն։

Հայտարարագիրը թվերով ամբողջական է։ Սակայն թվերի համադրությունը ստեղծում է պատկեր, որը ունի պարզաբանման կարիք»։

Այս խորագրի վերջին նյութերը