Լրահոս

10.01.2012 13:29


Սլովակիայի Արդարադատության նախարար. «Սլովակիան ԵՄ առաջին երկիրն է, որն օրենքի ուժ է տվել Հայոց ցեղասպանության մերժմանը»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ, Արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը հանդիպել է  ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին և փոխանցել հետևյալ նամակը, որը ներկայացնում ենք ամբողջովին:

«Ինչպես ես արդեն հայտնել եմ իմ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի վերջին տարում մեզ հաջողվեց Սլովակիայի Ազգային Խորհուրդում /ԱԽ/ հաստատել Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամբ օրենք, համաձայն որի ցեղասպանության, ռասիզմի, հոլոքաուստի և կոմունիզմի արհավիրքները համարվում են հանցագործություն կատարված մարդկության դեմ ու դրանց արդարացումը կամ մերժումը դատապարտվում է մինչև հինգ տարի ազատազրկումով, եթե կատարված է կանխամտածված և մինչև երեք տարի ազատազրկումով, եթե անկանխամտածված հայտարարություն է արվել: Այս օրենքը գործում է Սլովակիայում արդեն 2009թ-ի սեպտեմբերի մեկից: Փաստորեն Սլովակիան ԵՄ առաջին երկիրն է, որն օրենքի ուժ է տվել Հայոց ցեղասպանության մերժմանը, և Սլովակիան երկրորդ երկիրն է Շվեցարիայից հետո Եվրոպայում, որն ընդունել է վերոհիշյալ օրենքը: Ես խիստ զարմացած եմ, որ Շվեցարիայի և Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժման օրենքի ընդունման դեմ անարդյունք բողոք բարձրացրած Թուրքիան ինչ-ինչ հաշվարկներով  աննախադեպ աղմուկ-աղաղակ է բարձրացրել Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկված օրենքի բանաձևի շուրջ: Ես դիմում եմ Ֆրանսիայի Սենատի նախագահին և անդամներին` հայտարարելով, որ նրանց կողմից ընդունվող օրենքը մեծ անհրաժեշտություն է և կարծում եմ, Սլովակիան կմիանա Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի առաջարկին` հորդորելու ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունելու համանման օրենք: Ես դիմելու եմ Սլովակիայի ԱԽ-ի համապատասխան անդամներին և ղեկավարներին` սատարելու Ֆրանսիայի Սենատին` ցեղասպանության մերժման օրենք ընդունելու հարցում, ու մեր փորձը հաղորդելու ԵՄ-ի պառլամենտներին Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի դեմ պայքարելու համար»:

Շտեֆան Հարաբին, 09.01.12թ.

Բրատիսլավա, Սլովակիա:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որին փոխանցվել է այդ նամակը հայտնում է, որ մինչև ցեղասպանության մերժման օրենքի ընդունումը, Թուրքիայի ԱԳՆ-ը, Սլկովակիայում Թուրքիայի դեսպանատունը լայնածավալ աշխատանք էին կատարում Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-կոթողի ապամոնտաժման պահանջով: Սակայն Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո Թուրքիայի կողմից այդ պահանջները բացարձակ դադարել են և ոչ մի թուրք գործիչ փորձ անգամ չի արել ու անկասկած չի անի նաև ապագայում, Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման հարցի շուրջ:

ԵՀՄՖ-ը սկսում է լայնածավալ աշխատանք իր անդամների միջոցով ԵՄ բոլոր երկրների պառլամենտներում ցեղասպանության մերժման օրենքներ ընդունելու կապակցությամբ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը