Կարծիք

17.02.2026 15:30


Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Մյունխեն-2026-ի կոնֆերանսին, և Փաշինյանի ո՞ր խաբեությունը բացահայտեց Ալիևը

Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Մյունխեն-2026-ի կոնֆերանսին, և Փաշինյանի ո՞ր խաբեությունը բացահայտեց Ալիևը

Ինչպես հայտնի է, Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային համաժողով է, որն անցկացվում է Մյունխենում, 1963 թվականից։ Համաժողովում քաղաքական գործիչները, զինվորականները, բիզնեսի ներկայացուցիչները, ոչ կառավարական կազմակերպությունները և անվտանգության փորձագետները քննարկում են դիվանագիտական ​​և արարողակարգային պահանջներից դուրս արդի անվտանգության հարցեր։

Սովորաբար, այս համաժողովում են քննարկվում աշխարհին հուզող խնդիրները:

Այս տեսանկյունից աշխարհի երկրների ներկայացուցիչները փորձում են մասնակցություն ունենալ, որպեսզի ներկայացնեն իրենց երկրների տեսակետները աշխարհի առջև:

Ֆորումի առաջին 30 տարիների ընթացքում մասնակիցների թվում էին հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական և քաղաքական ղեկավարները, քաղաքագետները, լրատվամիջոցների ներկայացուցիչները:

1990-ական թվականներից ի վեր համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի, հետխորհրդային երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները:

Համաժողովների այս պատմությունից, հատկապես հիշվեց 2007-ինը, որտեղ մասնակցում էր նաև Ռուսաստանի նախագահ Պուտնիը և իր ճառը մեծ ցնցում առաջացրեց այն ժամանակվա եվրոպական վերնախավերի շրջանում, քանի որ առաջին անգամ Մոսկվան վիճարկեց ԱՄՆ-ի բացառիկ դերը. աշխարհում խնդիրները լուծել՝ շրջանցելով միջազգային իրավունքը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ եղել էին, թե՛ Սերբիայի ռմբակոծումները, թե՛ Իրաք ներխուժումը:

Իսկ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը գրավեց աննախադեպ թվով մասնակիցների։ Հանդիպումը տեղի ունեցավ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև վստահության ամենախորը ճգնաժամի ժամանակաշրջանում։

2026 թվականին համաժողովն անցկացվեց «Ոչնչացման գործընթացում» կարգախոսով։ Այս կարգախոսը ընտրվել էր միտումնավոր. այն արտացոլում էր այն գիտակցությունը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կանոնների և հաստատությունների վրա հիմնված հին աշխարհակարգը, միտումնավոր կամ՝ ոչ միտումնավոր, ոչնչացվում է։

Բոլորը հիշում են, թե ինչ ելույթով հանդես եկավ անցյալ տարվա կոնֆերանսին, ԱՄՆ-ի փոխնախագահ՝Վենսը, որը սուր քննադատության ենթարկեց արևմտյան վերնախավերին:

Այս տարի, հաշվի առնելով եվրոպացիների բացասական արձագանքը Վենսի այն ժամանակվա ելույթի նկատմամբ, ԱՄՆ-ի պատվիրակությունը ղեկավարում էր պետքարտուղար Ռուբիոն:

Սակայն վերջինիս ելույթն էլ մեծ ոգևորություն չառաջացրեց եվրոպացիների մոտ:

Թերևս հետաքրքիր էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները և նրանց անդամների ակտիվ մասնակցությունը պանելային քննարկումների ընթացքում:

Ինչո՞ւ Հայաստանից չկար պատվիրակություն

Զարմանալիորեն, Հայաստանից այս անգամ որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում քննարկումներին:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն, ով սիրում է գրեթե բոլոր հարթակներում ցույց տալ իր ակտիվությունը, այս անգամ մերժեց գնալ Մյունխեն:

Ավելին, Գերմանիայում չէր նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարը:

Մի՞թե Փաշինյանին չէր հետաքրքրում կրկին երևալ արևմտյան լսարանի առջև և պատմել, թե ինչ հիանալի գործընթաց է տանում Ալիևի հետ:

Մինչդեռ իրականում, Փաշինյանը չէր գնացել Մյունխեն գիտակցված պատճառով:

Բանն այն է, որ այս համաժողովներում դետալային քննարկումներ են անցկացվում այս կամ այն խնդրի շուրջ:

Եվ ահա, հայ հանրության համար գրեթե սենսացրոն էին Ալիևի այն խոսքերը, թե Ադրբեջանը չի պատրաստվում կյանքի կոչել Հայաստանի հետ Փաշինյանի կողմից սիրված և գովաբանված «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը:

Ավելին, այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այդ նախագծին, Ալիևը նշեց, թե նման քննարկման առարկա գոյություն չունի:

Նա նաև հեգնանքով արտահայտվեց Փաշինյանի այս նախագծի վերաբերյալ, բառացի հայտարարելով, թե քանի դեռ Թրամփը նախագահ է, կլինի TRIPP-ը, երբ Բայդենը գա, թող վերակենդանացնի Փաշինյանի սիրած « Խաղաղության խաչմերուկը»։

Այսինքն, Մյունխենում, Ալիևը բացեց փակագծերն այն բանի մասին, որ Թրամփի նախագիծը վերաբերվում է հիմնականում ԱՄՆ-ին և Ադրբեջանին:

Իսկ Հայաստանի համար այլ պրեֆերենցիաներ գոյություն չունեն:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է իրականում բանակցում Փաշինյանը և ինչ է ներկայացնում նա երկրի ներսում:

Հասկանալի է, որ հրապարակային դետալային քննարկումներն այն մասին, թե Փաշինյանն ինչ է բանակցում, իրեն շահավետ չէ:

Քանզի դրանից բացահայտվում է, թե ինչ խայտառակ բանակցող է Փաշինյանը:

Իսկ եթե չկա դետալային որևէ քննարկում, այլ պիտի միայն լինեն արարողակարգային հանդիպումներ, ապա այստեղ Փաշինյանը միշտ ուզում է ուշադրության կենտրոնում լինել, որպեսզի դա կարողանա հրամցնել Հայաստանի հանրությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը