Կարծիք

11.02.2026 17:22


Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում

Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում

Ներկայացնենք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի հիմնական դրույթները՝

-վերահաստատում են իրենց ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ -տարածաշրջանային կապը և տնտեսական ներդրումները

-անվտանգության ոլորտում համագործակցությունը։

-ԱՄՆ-ն և Ադրբեջանը մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանային կապակցվածության զարգացման ուղղությամբ՝ կենտրոնանալով Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի (Միջին միջանցք) վրա՝ համագործակցելով ցամաքային, ծովային և օդային տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ և տեղեկատվական կապի, առևտրի և տարանցման հեշտացման, մաքսային վերահսկողության և սահմանային անցման, միջազգային բազմամոդալ լոգիստիկայի և այլ հարակից ոլորտների զարգացման գործում:

-TRIPPկարևորվում է, որպես բազմամոդալ կապի նախագիծ, որը կապահովի անխափան կապ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:

- Ադրբեջանը և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, այդ թվում՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում, երկկողմանիորեն և երրորդ երկրների հետ գործընկերության միջոցով՝ համատեղ նախագծեր իրականացնելու, ինչպիսիք են միջմիավորային նախագծերը, և դիվերսիֆիկացնելու մատակարարման ուղիները։

-Ադրբեջանը և ԱՄՆ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում։

-Ադրբեջանը և ԱՄՆ-ն հայտարարում են իրենց մտադրության մասին համագործակցել Միջին միջանցքով կարևորագույն հանքանյութերի համաշխարհային շուկաներ տարանցումը հեշտացնելու գործում։

-Ադրբեջանը և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը արհեստական ​​բանականության (ԱԲ) ոլորտում գործընկերային հարաբերությունների զարգացման գործում և, անհրաժեշտության դեպքում, խթանել տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը և թվային ենթակառուցվածքների ներդրումները, ներառյալ՝ Ադրբեջանում ԱԲ-ի տվյալների կենտրոնների զարգացումը՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

-Ադրբեջանը և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանության և անվտանգության համագործակցության շրջանակը, ներառյալ պաշտպանական արտադրանքի վաճառքը։

-Հաշվի առնելով Ադրբեջանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները՝ պայմանավորված ականներով և այլ պայթուցիկ նյութերով աղտոտմամբ, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման կարողությունների զարգացման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։

Վերջում նշված է, թե սույն Խարտիայի ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբերը մտադիր են մշակել նախագծերի ցանկ և դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ: Ադրբեջանն ու ԱՄՆ-ն մտադիր են պարբերաբար հանդիպումներ անցկացնել առնվազն տարին մեկ անգամ սույն Խարտիայի շրջանակներում և կարող են ստեղծել այլ երկխոսության հարթակներ՝ անհրաժեշտության դեպքում և փոխադարձ համաձայնությամբ՝ իրենց գործընկերությունն իրականացնելու համար:

Խարտիայի ստորագրման ժամանակ, Վենսը գովեց Ալիևին՝ նշելով, որ նա այն եզակի գործիչներից է, ով կարողացել է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի հետ, որոնք համարվում են տարածաշրջանի ԱՄՆ-ի գլխավոր գործնկերները:

Եթե սույն փաստաթուղթը դիտարկենք ոչ ֆորմալ տեսանկյունից, ապա կարելի է նշել հետևյալը:

Հայաստանը տրամադրել է ԱՄՆ-ին պատմական հնարավորություն՝ փաստացի իր տարածքի մի մասը հանձնելով ԱՄՆ-ին, որի արդյունքում, վերջինս սահմանակից է դարձել Ադրբեջանի հետ:

Դրա արդյունքում ԱՄՆ-ն ստացել է հնարավորություն Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել՝ որպես «հարևան» պետություն:

Այս քայլով Փաշինյանը փաստացի տարածաշրջանում ԱՄՆ-ի համար «ոտատեղ է» տվել, որպեսզի վերջինս կարողանա ակտիվ քաղաքականություն վարել դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա:

Իսկ դա ԱՄՆ-ի համար անչափ կարևոր է՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանների դերը: Մանավանդ, որ նա կարողանում է լրջորեն սկսել մրցել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Թե ինչ է այս ամենից ստանում Հայաստանը, բոլորիս համար ակնհայտ է. բազում ռիսկեր՝ առանց լուրջ հեռանկարների:

Սակայն գլխավոր վտանգն այլ տեղում է թաքնված, որի մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը