Օրվա լուր

05.02.2026 18:02


Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան

Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան

Հայաստանի օրվա իշխանությունը ՀՀ քաղաքացիներին վախեցնում է մեր երկրի դեմ հայտարարված «հիբրիդային պատերազմով»: Թեև իրենք ուղիղ չեն հայտարարում, թե ով է այդ հիբրիդայինի հեղինակը, բայց տարատեսակ ակնարկներով ու իրենց դրածոներով մեղադրում են Ռուսաստանին: Դա անում են իրենց արևմտյան տերերին դուր գալու և ԵՄ-ից՝ Հայաստանում իրենց իրականացրած ապօրինությունների համար «դաբրո» ստանալու համար:

Հայաստանի իշխանությունը գործարք է առաջարկում ԵՄ-ին՝ «Մենք հակառուսական քայլեր անենք, իսկ դուք մեզ աջակցեք հակաժողովրդավարական ու ապօրինի քայլեր անելու հարցում» տարբերակով: ԵՄ-ից ասել են «OK»: Արդյունքում ծնվել է «Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում» հեքիաթը: Բոլորը գոհ են. ԵՄ-ն ծպտուն չի հանում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների թեմայով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ԵՄ-ի վրա ծախում է իր հակառուսականությունը՝ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանին քծնելով ու ցույց տալով, թե, իբր, ինքը Ռուսաստանի բարեկամն է:

Նիկոլական այս բլեֆի շրջանակներում պետք է դիտարկել Ալեն Սիմոնյանի բառապաշարի փոփոխությունը ռուսական այցից առաջ: Ալենն արդեն «մոռացել» է «հիբրիդի» մասին ու չի ուզում օգտագործել «պատերազմ» բառը: Այդ բլեֆի շրջանակներում է տեղավորվում նաև Վաղարշապատ խոշորոցված համայնքի ՔՊ-ական ներկայացուցիչների այցը Ռուսաստան, ավելի կոնկրետ՝ Կարելիայի Հանրապետություն, քաղաք Պետրոզավոդս: Այցի նպատակը փորձի փոխանակումն է: Ռուսաստանը, չնայած Հայաստանում իշխանությունների վարած քաղաքականությանը, չի մտնում «հիբրիդի» մեջ և կապեր է զարգացնում մունիցիպալ մակարդակով՝ օգնության ձեռք մեկնելով Վաղարշապատ համայնքին:

Ի դեպ, Պետրոզավոդսկը հանդիսանում է առաջատար ինովացիոն «հաբ» և հակառակ պաշտոնական Երևանի ռուսատյաց քաղաքականությանը, պատրաստակամություն է հայտնում աջակցել հայ ժողովրդին, մասնավորապես՝ Վաղարշապատին: Ուշագրավ է, որ նիկոլական իշխանությունն ինքն է դիմում ՌԴ-ին՝ օգնության խնդրանքով, բայց դա անում է «թաքուն», որպեսզի իր դրսի տերերին չզայրացնի ու Հայաստանում պահպանի իր հակառուսական դեմքը:

Դատելով ամենից՝ ՌԴ-ն ոչ թե ՀՀ ապիկար իշխանությանն է օգնում, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիներին՝ շատ լավ հասկանալով, որ ՀՀ օրվա իշխանություններն անցողիկ են, իսկ հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները՝ մնայուն ու ռազմավարական:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը