Լրահոս

09.01.2012 19:38


« ABC News»–ը Լեռնային Ղարաբաղը ներառել է 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի շարքում

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «1news.az» կայքը, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաև ԱՄՆ–ում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով փորձում է պարզել, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «ABC News» հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղը ներառել է 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի շարքում։ Բանն այն է, որ այս տեղեկատվության հաստատման դեպքում « ABC News»–ը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»։

Բանն այն է, որ հեռուստաալիքը հրապարակել է 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի ցանկը։ ԼՂ–ին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում է, որ «բոլոր նրանց համար, ովքեր արկածներ են փնտրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող Լեռնային Ղարաբաղը հենց այդ վայրն է»։

–Արշավանքների գնացեք ձնածածկ լեռների ու կարմիր և դեղին ծաղիկներով ծածկված դաշտերի միջով։ Վայելեք խորոված միսն ու բանջարեղենը։ Եվ եթե դուք հյուրընկալեք տեղի բնակիչների տանը, մի զարմացեք, եթե նախաճաշին ձեզ թթի օղի առաջարկեն,–ասված է հոդվածում։

Զբոսաշրջիկներին խորհուրդ էր տրվում  Գանձասարի վանք այցելել, բայց անպայման գիշերը, որպեսզի տեսնեն խավարի մեջ լուսավորված վանքը։

Յոթ ինքնատիպ վայրերի ցանկում հեռուստաընկերությունը ընդգրկել է նաև՝ Չիլիում գտնվող Աթաքամա անապատը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը, Նիդեռլանդներում գտնվող Վենլո քաղաքը, Լաոսի հյուսիսում գտնվող Լուանգ Պրաբանգ քաղաքը, Թայլանդի Ռեյլեյ լողափը, Ավստրալիայի Ուիթսանդի կղզիները։

Այս խորագրի վերջին նյութերը