Կարծիք

04.02.2026 10:20


Հա՜յ մարդ, արթնացի՛ր․ խոսի՛ր

Հա՜յ մարդ, արթնացի՛ր․ խոսի՛ր

Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես է ոստիկանը սրիկայաբար հարվածում ու հայհոյում բերման ենթարկված քաղաքացուն։ Նա ընդդիմադիր չէր։ Նա «նախկին» կամ «ռուսի ագենտ» չէր։

Նա հարուստ հանցագործ կամ օլիգարխ չէր։

Պարզ քաղաքացի էր՝ գուցե նույնիսկ ինչ-որ ապօրինի արարք կատարած։

Բայց դա բավարար չէ Հայաստանում հայ մարդուն այդպես նվաստացնելու համար։

Նույնիսկ եթե քաղաքացին վիրավորել է ոստիկանին, ոստիկանն իրավունք չունի այդ կերպ վարվելու։ Ով ընտրում է լինել իրավապահ համակարգի մաս, պարտավոր է գիտակցել՝ նա ծառայում է օրենքին: Ո՜չ անձի, ո՜չ իշխանության, ո՜չ էլ կուսակցության։

Միայն և բացառապես՝ օրենքին ու իրավապահ համակարգին։

Եվ հենց այստեղ է խնդրի արմատը։

Այս ռեժիմը վերջնականապես քանդել է քրեաիրավական համակարգը։

Բոլորին պարտադրել է դառնալ իր ծառան։ Օրենքն ու կանոնները այլևս արժեք չունեն։

Այսօր կարևոր է միայն մեկ բան՝ կատարել այն մարդու հրահանգը, ով քեզ նշանակել է պաշտոնի, անկախ նրանից՝ դա օրինական է, թե ոչ, վնասում է պետությանը, թե ոչ։

Երբ նախարարները, օմբուդսմենը, ուժայինները, դատավորները, դատախազներն ու քննիչները դառնում են ռեժիմի գործիքներ, նրանք կորցնում են խիղճն ու բարոյականությունը, ինքնությունն ու կարմիր գծերը։

Հենց այդ զգացողությունն է բերում նրան, որ ոստիկանը կարող է հարվածել քաղաքացուն՝ քանի որ գիտի՝ ռեժիմը իրեն պարտք է, քանի որ նա լուռ խախտում է օրենքը և ենթարկվում իրենց բոլոր հրահանգներին։

Ահա այստեղ է քաղբանտարկյալների, ցուցարարների ու նման դեպքերի կապը։

Երբ ոստիկանին ստիպում են ապօրինի բռնություն գործադրել ազգային գաղափարների համար փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, նա արդեն կարող է նույնն անել ցանկացածի հանդեպ։

Մեկ անգամ է խախտում է օրենքը, հետո երկու, հետո դա դառնում է սովորություն ու աշխատաոճ:

Եվ իհարկե մենք չենք տեսնում, որ այդ «ոստիկանին» նույն օրը փռեն ասֆալտին, ձերբակալեն ու տանեն բանտ այնպես, ինչպես կվարվեին փաստաբանի, ակտիվիստի, բլոգերի կամ ազգային արժեքներ պաշտպանող հոգևորականի հետ։

Ոստիկանությունն ու ուժային կառույցները գործում են ապօրինի, որովհետև իրենք ապօրինի իշխանության մաս են դարձել:

Հետևաբար միակ լուծումը քաղաքական փոփոխությունն է։

Եթե քեզ չի անհանգստացնում, որ քո ժողովուրդը նվաստացվում, ծեծվում և ապօրինի բանտարկվում է, դա չի նշանակում, որ դու «քաղաքականությամբ չես զբաղվում»։

Դա նշանակում է, որ դու դարձել ես այն լռության մասը, որի մեջ պետությունդ ու ինքնիշխանությունդ կամաց-կամաց ջնջվում են։

Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը