Կարծիք

02.02.2026 15:20


Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել

Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սկսում է սրվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ այդ ուղղությամբ շարժվող նավատորմի ֆոնին,միջուկային շարժիչով USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, չինական 052D և 055 տիպի կառավարվող հրթիռային ականակիրները ճանապարհ են ընկել՝ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Օմանի ծոցում և Արաբական ծովում։

Պետք է նշել, որ չինական այս ականակիրների վրա տեղադրված ժամանակակից 346A/B տիպի ռադարները և էլեկտրոնային հետախուզության համակարգերը հնարավորություն ունեն հետևելու ամերիկյան ավիակիրների վրա գտնվող ինքնաթիռներին, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-35C կործանիչներին։

Բացի այդ, Չինաստանից և Ռուսաստանից ռազմական զինտեխնիկա է ժամանում Իսլամական Հանրապետություն: Չինական ռազմական տեխնիկան մատակարարվում է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ Պակիստանի միջոցով: Միևնույն ժամանակ, վերջին օրերին Իրան է ժամանել առնվազն չորս ռուսական տրանսպորտային ինքնաթիռ՝ երեք Ան-124-100 և մեկ հատուկ Իլ-76ՏԴ ինքնաթիռ: Այս մասշտաբի արտակարգ իրավիճակների լոգիստիկան վկայում է կարևորագույն տեխնոլոգիաների կամ ծանր զինամթերքի փոխանցման մասին, նշում են փորձագետները:

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ջանքերով, նրանք կարող են Իրանի վրա ստեղծել առաջին և երկրորդ մակարդակի հակաօդային պաշտպանության «գմբեթ», որը թույլ չի տա ԱՄՆ-ին, կամ Իսրայելին կրկնել անցյալ տարվա ամռանը 12-օրյա ռմբակոծությունների փորձը:

Մյուս կողմից, Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը կտրուկ դեմ են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Իսրայելի:

Բանն այն է, որ Իրանի պետականության հնարավոր փլուզումը կարող է քաոսի մատնել ամբողջ տարածաշրջանը:

Հենց այդ հեռանկարից են վախենում, թե՛ Ծոցի արաբական երկրները, և թե՛ Թուրքիան:

Մյուս կողմից, ըստ ամերիկյան փորձագետների, Իրանում երբեք այս չափ մարդիկ բողոքի ցույցերի դուրս չէին եկել՝ սկսած 1979 թվականից:

Իսկ չօգտագործել այս պատմական հնարավորությունների պատուհանը, սխալ կլիներ, նշում ենք նրանք:

Սակայն, բոլորին է հայտնի, որ միայն օդային ռմբակոծություններով, Իրանում հնարավոր չի լինի նոր ապստամբություն հրահրել:

Ըստ փորձագետների, որպեսզի, գոնե տեսականորեն հնարավոր լինի փոխել քաղաքական համակարգը, պիտի բանակի գոնե մի մասը սկսի աջակցել ապստամբներին, ինչպես որ դա եղավ 1979 թվականին:

Ինչպես նշում են իսրայելցի պաշտոնյաները Reuters-ին և Haaretz-ին տված մեկնաբանություններում, միայն օդային հարվածները չեն կարող հուսալիորեն հանգեցնել ռեժիմի փոփոխության՝ առանց պատրաստի այլընտրանքային էլիտայի, կազմակերպված և վերահսկվող ընդդիմության և ցամաքային զորքեր տեղակայելու պարտավորության։

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմական վարժանքները ամրապնդում են հենց այս փաստարկը՝ ընդգծելով, որ Իրանը 2003 թվականի Իրաքը չէ։

Այս ֆոնին, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները Պարսից ծոցի երկրներին թվում են ոչ այնքան սպառնալիք, որքան անուղղակի զսպման գործոնի դեր են կատարում, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ Սպիտակ տունը վերջին րոպեին կընտրի բանակցությունները՝ ուժի ցուցադրական կիրառման փոխարեն։

Այս հարցում, եվրոպացիները, ինչպես բոլոր հարցերում, փորձում են կրակի վրա յուղ լցնել, երբ որոշեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

ԻՀՊԿ-ն ոչ միայն անվտանգության կառույց է, այլև իրանական քաղաքական համակարգի ողնաշարը, և դրա ապալեգիտիմացումը Եվրոպայի կողմից, փաստացի խրախուսում է Իրանի շուրջ հարցերը լուծել ռազմական ուղիով:

Ինչպես բոլոր հարցերում, Եվրոպան սկսել է նմանվել միջազգային պրովոկատորի, ով չունի հնարավորություն ինքնուրույն որևէ հարց լուծելու, սակայն պատրաստ է կրակի վրա յուղ լցնելու կոնցեպտով գործել:

Սակայն Իրանի դեպքում դա կարող է հանգեցնել համաշխարհային աղետի:

Քանի որ Իրանը չափազանց կարևոր երկիր է թե՛ Ռուսաստանի, և թե՛ Չինաստանի համար:

Այս տրամաբանությամբ, Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի զորավարժությունները դառնում են դիվանագիտությունը փոխարինելու և ճգնաժամը ուժի լեզվով ներկայացնելու փորձի հստակ պատասխան։

Վերջին նորությունները ուղակի փաստում են դրա մասին:

Թեհրանը առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգների հետ վիճելի հարցերի շուրջ բանակցությունների կազմակերպման գործում, ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Չնայած լրատվամիջոցներում տիրող ռազմատենչ մթնոլորտին, բանակցությունների համար հիմք է ստեղծվում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս անսպասելիորեն Լարիջանին չնախատեսված այցով մեկնեց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ:

Որից հետո ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն, իսկ դրանից հետո իրանական Fars News-ը տեղեկացրեց, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները հետաձգվում են և կանցկացվեն ոչ թե փետրվարի սկզբին, այլ այս ամսվա վերջում:

Այսպիսով Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի համար ուժի հենք են ստեղծում, որպեսզի Թեհրանը կարողանա ուժի դիրքերից բանակցել Վաշինգտոնի հետ:

Ինչ վերաբերվում է Հայաստանի շահերին, ապա սա լավ լուր է, քանզի Իրանի շուրջ առկա լարվածության ցանկացած թուլացում նպաստում է մեր երկրի անվտանգությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը