Աշխարհ

02.02.2026 11:01


Հայտնի են «Գրեմմի-2026»-ի հաղթողները

Հայտնի են «Գրեմմի-2026»-ի հաղթողները

Լոս Անջելեսում փետրվարի 1-ի երեկոյան անցկացվեց երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. շատ հաղթողներ և հյուրեր դժգոհություն են հայտնել ամերիկյան ներգաղթային ոստիկանությունից (ICE), որոնց գործողությունների հետևանքով վերջին շաբաթներին Մինեսոտայում 2 ցուցարար է սպանվել։

Մրցանակակիրների թվում էին ռեփեր Քենդրիկ Լամարը, որը հաղթեց հինգ անվանակարգում, ինչպես նաև երգչուհիներ Բիլլի Այլիշը և Լեդի Գագան։

Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին հաղթող է ճանաչվել ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նա «Գրեմմի»-ի է արժանացել «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար, որը լատինաամերիկյան հայտնի ռեգետոն ոճում է։ Սա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։

Հաջորդ շաբաթ Բեդ Բաննին կլինի Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր համերգներից մեկի՝ Սուպերբոուլի ընդմիջման շոուի գլխավոր կատարողը։

«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես կասեմ՝ թող կորչի ICE-ը»,-ասել է երաժիշտը մրցանակը ստանալիս։

Արարողության բազմաթիվ մասնակիցներ կրել են նշաններ, որոնց վրա գրված է եղել «Կորչի ICE»-ը։

Երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն երգ» անվանակարգում «Wildflower» երգի համար, նույնպես կոչ է արել բողոք հայտնել և պայքարել։

Այս տարվա «Գրեմմի»-ում ամենամեծ թվով մրցանակների է արժանացել 38-ամյա ռեփեր Քենդրիկ Լամարը։ Նա առաջադրվել էր 9 անվանակարգում։ Այսպիսով, նա դարձել է պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփ արտիստը՝ գերազանցելով Ջեյ Զիին. Լամարն այժմ ունի ընդհանուր թվով 26 «Գրեմմի»։

Մասնավորապես, Լամարը «Գրեմմի»-ի արժանացել «Լավագույն ռեփ ալբոմ» (GNX), «Լավագույն ռեփ կատարում» (Chans & Whips), «Լավագույն ռեփ երգ» (TV off), «Լավագույն մեղեդային ռեփ կատարում» (Luther), «Տարվա ձայնագրություն» (Luther) անվանակարգերում։

Լեդի Գագան երկրորդն էր անվանակարգերում առաջադրվելու թվով։ Նա առաջադրվել էր յոթ անվանակարգում և «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» («Mayhem») և «Լավագույն պարային ձայնագրություն» («Abracadabra») անվանակարգերում։

«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օլիվիա Դինը։

Այս խորագրի վերջին նյութերը