Լրահոս

09.01.2012 18:28


Թվով 6 անձանց մեղադրանք է առաջադրվել` խարդախության, վաշխառության համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի  նախագահի եւ նրա գործընկերոջ կողմից  խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից  վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի  նախագահ Ա. Թադեւոսյանը եւ նրա գործընկեր, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի պետի նախկին տեղակալ Լ. Սամվելյանը խարդախության եւ վստահությունը չարաշահելու եղանակով բնակարաններ վաճառելու եւ ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել են վերջիններիս գույքը: Մասնավորապես` Ա. Թադեւոսյանը եւ Լ. Սամվելյանը կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ անձանց հետ կնքել են նախնական եւ նախավճարի  պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել եւ հափշտակել են ընդհանուր առմամբ 2 475 425 269 դրամ: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ հիշյալ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50 784 820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Թադեւսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,  Ց. Պետրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին եւ Դ. Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել Աջափնյակ  եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ 663 158 300 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը