Կարծիք

09.01.2026 22:09


Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի. Տեր Ասողիկ

Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի. Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի հրապարակումը.

«Սիրելիներ,

Շնորհակալ եմ Ձեր հեռախոսների և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը:

Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:

Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ:

Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին:

Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին:

Փառք Քեզ, Տեր, ամեն ինչի համար փառք Քեզ: Թող Լուսավորչյան տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ «խավար բեռից», որպեսզի աստվածային լույսն անստվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս:

Քահանայք և ժողովուրդ, սիրելի ուխտապահ հարազատներ, շարունակենք մեր նվիրյալ և հավատարիմ՝ անկասելի երթը, քանզի Աստված Իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է»:

Այս խորագրի վերջին նյութերը