Քաղաքական

29.12.2025 21:36


Երեք խմբակցություն միասին կցվեցին և կարողացան անցկացնել թանկացումները. Գևորգ Ստեփանյան

Երեք խմբակցություն միասին կցվեցին և կարողացան անցկացնել թանկացումները. Գևորգ Ստեփանյան

Երեւանի ավագանին այս տարվա վերջին նիստի ընթացքում ընդունեց մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն: Բյուջեին կողմ քվեարկեցին ավագանու 34, դեմ՝ 17 եւ ձեռնպահ՝ 2 անդամ։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կազմելու են 151.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը 5.3 մլրդ դրամ է։ «Իրավունք»-ն այս մասին զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

—Փաստորեն, կրկին հաղթեց քաղաքային իշխանությունը, եւ թանկացումները կրկին մնացին երեւանցու ուսերին:

—Նախ հիշեցնեմ, որ իշխանությունը չի կարող հաղթել, քանի որ այնտեղ իշխանություն գոյություն չունի: Դա ընդամենը 9 տոկոս երեւանցիների քվե ստացած փոքրիկ խմբակ է, որը դարձել է քաղաքապետ «Հանրապետություն» եւ «Հանրային Ձայն» կուսակցությունների շնորհիվ: Այնտեղ չկա իշխանություն եւ ամբողջապես կախված է այդ երկու կուսակցություններից:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա փաստենք, որ եթե անգամ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցությունը կողմ քվեարկեին եւ «Հանրային Ձայն»-ի ավագանիները ներկա չգտնվեին կամ նույնիսկ ներկա գտնվելուց ոչ դեմ, ոչ կողմ քվեարկեին, ապա թանկացումները չէին անցնելու, եւ երեւանցիներն իրենց վրա զգալու էին ահռելի թեթեւություններ՝ տրանսպորտի թանկացում, կարմիր գծեր, աղբահանություն եւ այլն: Ինչեւէ, փաստենք, որ երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները:

—Տեսանք, որ ավագանու 9 անդամ բացակայում էր նիստից: Արդյո՞ք եթե չբացակայեին եւ դեմ քվեարկեին, հնարավոր չէր լինի կասեցնել թանկացումները:

—Այո, «Մայր Հայաստան» խմբակցությունից բացակայում էր պարոն Սամվել Հարոյանը, ով շատ բարդ առողջական խնդիրների պատճառով հիմա պառկած է հիվանդանոցում: Ցավոք, առողջական լուրջ խնդիրներ կան, բայց այլ խմբակցություններից էլ կային բացականեր, սակայն ցանկանում եմ մի բան հստակ իմանա քաղաքացին, որ բացակայությունը կապ չունի: Թող ոչ ոք չքվեարկեր: Ոչ ոք ընդդիմադիր խմբակցություններից չքվեարկեցին, միայն «Հանրային Ձայն»-ը դեմ քվեարկեց, իբր դեմ է: Ո՞վ էր նրանց ստիպում, որ քվեարկեին: Նույն կերպ եղավ քաղաքապետի ընտրության ժամանակ՝ մտան դեմ քվեարկեցին, քվորում ապահովեցին եւ անցկացրին Տիգրան Ավինյանին քաղաքապետ: Իրենք ապահովում են քվորում:

Ինչպես արդեն հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել է դատարան՝ կարմիր գծերի ապօրինի թանկացման հետ կապված: Դատարանն էլ բավարարել է պահանջը: Սակայն, ավագանու նիստի ժամանակ կրկին հաստատվում է կարմիր գծերի թանկացման նախագիծը: Սա ի՞նչ է նշանակում:

—Այո, իրավացի եք: Առաջին ատյանը ճանաչեց ոչ իրավաչափ՝ ապօրինի թանկացում: Քաղաքապետարանը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Այնտեղից էլ ստացվեց պատասխան, որ ապօրինի եւ ոչ իրավաչափ որոշում է կարմիր գծերի թանկացումը: Սակայն այս մարդիկ դեմ են գնում ե՛ւ դատարանին, ե՛ւ ամենակարեւորը՝ երեւանցիներին, շարունակում են 160 հազար դրամ հավաքել, իբր բեռնաթափում են քաղաքը: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքում ահավոր վիճակ է տիրում:

Այս խորագրի վերջին նյութերը