Օրվա լուր

17.12.2025 22:05


«Ժողվարչապետը» ԵՄ–ի հովանու ներքո պատրաստվում է ընտրակեղծիքների

«Ժողվարչապետը» ԵՄ–ի հովանու ներքո պատրաստվում է ընտրակեղծիքների

Օրերս մի խայտառակ լուր տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի Արարատ/Arabat Միրզոյանը դիմել է ԵՄ չինովնիկներին, որպեսզի ԵՄ–ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգնի Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես Մոլդովայում օգնեց Սանդուին։

Նրանք, ովքեր չգիտեն, թող իմանան, որ Մոլդովայում հիմնական ընդդիմադիր ուժերին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, կեղծիքներն իրականացրեցին ԵՄ տարածքում գտնվող մոլդովական դեսպանատներում և թքեցին ժողովրդավարության վրա։ Ու քանի որ ժողովրդավարության և արդար ընտրությունների «լիցենզիա» տվողը գոնե այս պահին ԵՄ–ն է, հանուն իրենց գաղափարական/գլոբալիստական ու հակառուսական շահերի, Մոլդովայում տեղի ունեցածը համարեցին ժողովրդավարական։

Հիմա նույն բանը Նիկոլ Փաշինյանը խնդրում է ԵՄ–ից կիրառել Հայաստանում։ Անունը դրել են «դրսից թելադրվող հիբրիդային պատերազմի դեմն առնել», բայց իրականում Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու գնով Նիկոլն ուզում է վերարտադրել իր իշխանությունը։ ԵՄ–ից նա փաստացի խնդրում է աջակցություն, որպեսզի ցանկացած իրական ընդդիմախոսի դուրս թողնի ընտրարշավից։ Անունը դնելու են «ռուսական ազդեցության ուժեր» (բա հո՞ թուրքական կամ ադրբեջական ազդեցության ուժերի դեմ չեն պայքարելու․ այդպես իրենք իրենց դեմ դուրս կգան) և այդ կեղծիքի տակ քաղաքականապես հետապնդեն այդ ուժերին։ Այսինքն՝ ընտրաակեղծիքներն իրականացնեն մինչև ընտրությունները։

ԵՄ–ն, բնականաբար, դա գնահատելու է որպես «ժողովրդավարության բաստիոնին» հարիր գործընթաց ու ծափահարելու է։

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կարող է այս ամենին հակադրել իրական ընդդիմությունը։ Պատասխանը շատ պարզ է ու միևնույն ժամանակ շատ բարդ։ Ընդդիմությունը պետք է ոչ թե պայքարի ապագա խորհրդարանում մանդատներ ունենալու, այլ իշխանությունը վերցնելու համար։ Իսկ դրա համար պետք է միասնական գործողությունների ծրագիր, այլ ոչ թե մուտիլովկաներ, չսպանված արջի մորթին կիսելու գործընթաց և մանկամտություն։

Եթե ընդդիմադիր դաշտում ճիշտ կոնֆիգուրացիաներ ձևավորվեն, գլխավոր հարցում լինի միասնական մոտեցում, ապա ոչ մի Կալաս, ոչ մի Փալաս, ոչ մի Կայա, ոչ մի Մայա, ոչ մի Ուրսուլա, Մակրոն ու Միշել Նիկոլին չեն կարող փրկել, հատկապես երբ մեկը լինի դրանց փրկի Թրամփի ու Պուտինի ձեռքերից, ինչպես նաև իրենց ժողովուրդների բարկությունից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը