Լրահոս

29.12.2011 15:01


«The Economist». Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղն ու Կոսովոն չեն ճանաչում միմյանց անկախությունները

«The Economist». Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղն ու Կոսովոն չեն ճանաչում միմյանց անկախությունները

Բրիտանական «The Economist» պարբերականի հոդվածագիրը «Անկախացած պետությունները» հոդվածում գրում է. «Լեռնային Ղարաբաղի գործող արտգործնախարար Վասիլի Աթաջանյանը որոշ ժամանակ առաջ ինձ ասաց, որ իր երկիրը կճանաչի Կոսովոյի անկախությունը, եթե նախկին հարավսլավական նահանգը նույնն անի։ Ես այդ հաղորդագրությունը փոխանցեցի Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոքսհաջին։ Նա հրաժարվեց ընդունել իր գործընկերոջ առաջարկը, սակայն շատ երկար մտածեց առաջարկը քաղաքավարությամբ մերժելու համար»։

Հոդվածագիրը նշում է, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը մեծ մասամբ հայերով բնակեցված ինքնավար շրջան էր Ադրբեջանի կազմում, իսկ Կոսովոն՝ Հարավսլավիայի պետության գոյության ժամանակաշրջանում մեծ մասամբ ալբանացիներով բնակեցված Սերբիայի ինքնավար նահանգ։

Առաջին հայացքից Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի միջև մի շարք նմանանություններ կան, սակայն տարբերություններն էլ շատ են։

«Որևէ երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն ավելի քան 80 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,–գրում է նա՝ ավելացնելով, թե չնայած այն հանգամանքին, որ արևմտյան երկրներն ընդգծում են, որ Կոսովոյի դեպքը նախադեպ չի կարող հանդիսանալ մյուս երկրների համար, Ստեփանակերտում այլ կերպ են մտածում՝ մեջբերելով ԼՂՀ ԱԳՆ պաշտոնյա Մարսել Պետրոսյանի խոսքերը՝ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն ճանաչվելու ավելի ուժեղ փաստարկներ ունի, քան Կոսովոն, իսկ Կոսովոն ճանաչած եվրոպական և մյուս երկրները երկակի ստանդարտներով են առաջնորդվում։

«Սերբիայի դաշնակից Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն միակ արևմտյան երկիրն է, որ 2008թ. Վրաստանի հետ պատերազմից հետո ճանաչեց անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Սերբիան կցանկանար ընդհանուր գործ ունենալ Վրաստանի հետ, սակայն չի ցանկանում բարկացնել Ռուսաստանին։ Իսկ Վրաստանը Սերբիայի հետ չի աշխատի ԱՄՆ–ի հետ հարաբերությունները չվնասելու համար։ Նույն կերպ էլ հայերն են ստիպված Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար խորամանկ փաստարկներ բերել, որպեսզի չջղայնացնեն Ռուսաստանին։ Հայաստանն էլ փաստացի չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին նա հիշեցնում է ամերիկացի դիվանագետներին, երբ նրանք գալիս ու կոչ են անում ճանաչել Կոսովոյի անկախությունը»,–նշում է հոդվածագիրը։

Վերջում հոդվածագիրը եզրակացնում է, որ փոքր պետություններն իրենց շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար փորձում են շատ զգույշ գործել։

Այս խորագրի վերջին նյութերը