Լրահոս

28.12.2011 16:07


ԱԻ նախարարը տարին դրական է գնահատել

Դեկտեմբերի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Ամփոփելով տարին, նախարար Երիցյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց 2011 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նշելով, որ 2012-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն անելիքներ շատ ունի։ Նախարարն ուշադրություն հրավիրեց առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման և հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա և հանձնարարեց ակտիվորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բևեռելու նպատակով հեռուստատեսությամբ կցուցադրվեն հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագորման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակներ։

Նախարարին զեկուցվեց, որ ԱԻՆ Ճգնաժամային կառվարման կենտրոնի 911 ծառայությունն ամբողջովին գործում է, և մեր քաղաքացիները ցանկացած արտակարգ պատահարի դեպքում կարող են զանգահարել 911 միասնական հեռախոսահամարով։ Նախարարին զեկուցվեց դեկտեմբերի 24-ին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35-րդ կմ-ին հարակից տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասի պայթեցման աշխատանքների արդյունավետ իրականացման մասին։ Նշվեց, որ իրականացված օպերատիվ և հմուտ գործողությունների արդյունքում քարաթափման սպառնալիքը վերացվել է, ավտոճանապարհն ամբողջությամբ երթեւեկելի է ու անվտանգ։ Արդյունավետ կազմակերպված և իրականացված աշխատանքների համար շնորհակալական նամակ է ստացվել Տրանսպորտի և կապի նախարարությունից։ Անցյալ շաբաթ ավարտվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման` հինգ նոր սեյսմիկ կայաններով համակարգի ներդրումը։ Նոր սերնդի այս համակարգը հնարավորություն է ընձեռում սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ իրական ժամանակում անմիջապես որոշել երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունն ինտերնետ կապի միջոցով կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին ստացվող արագ տեղեկատվությունը կբարձրացնի տեղեկացվածության աստիճանը։ Նման համակարգն իր հնարավորություններով առաջինն է մեր տարածաշրջանում։

ԱԻՆ լրատվական

Այս խորագրի վերջին նյութերը