Կարծիք

03.10.2025 11:43


Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանդիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ

Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանդիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ

Այս հանդիպումից, առաջին հերթին, պարզվում է, դժգոհ են մնացել Թուրքիայի քաղաքական և փորձագիտական շրջանակները:

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեսանյութ, որտեղ կառավարամետ հեռուստատեսության թղթակիցը տեսախցիկի առջև հայտարարում է, որ «Թուրքիան ոչինչ չի շահել» Սպիտակ տանը Էրդողանի և Թրամփի հանդիպումից, և մեկնաբանում է Թուրքիայի նախագահի մերձավոր շրջապատի միջև առկա մրցակցությունը։

NTV թղթակից Հուսեյն Գյունայի խոսքերը նկարահանվել են Associated Press-ի կողմից՝ Սպիտակ տան դիմաց և երկուշաբթի օրը տարածվել են առցանց։

Նույն գրառման մեջ Գյունայը հիշատակում է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, Էրդողանի որդու՝ Բիլալի և փեսայի՝ Սելչուկ Բայրաքթարի միջև եռակողմ պայքարի մասին՝ պնդելով, որ ներքին պայքարը հետէրդաղանական Թուրքիայում իշխելու մասին է:

Այն, որ այս երեքի միջև ընթանում է կատաղի պայքար, արդեն չի թաքցնում ոչ ոք:

Թրամփի հետ Էրդողանի հանդիպումից,այս երեքից ոչ ոք չշահեց, և նույնիսկ՝ ճիշտ հակառակը:

Դժգոհ մնաց այդ հանդիպումից նաև Թուրքիայի ընդդիմությունը:

Հատկապես նրանց զայրացրել էր Էրդողանին ուղղված Թրամփի խոսքն այն մասին, թե ինքը գիտի, թե Թուրքիայի նախագահն ինչ վարպետությամբ է կեղծում ընտրությունները, սակայն նա կարող է պետք գալ Վաշինգտոնին:

Թրամփը Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բառացի հետևյալը. «… Ես սովորաբար չեմ սիրում ուժեղ հայացքներ ունեցող մարդկանց, բայց նա ինձ դուր է գալիս։ Էրդողանը կոշտ մարդ է՝ հստակ դիրքորոշմամբ, սակայն դա ինձ դուր է գալիս…»։

Իսկ տեսախցիկներից դուրս ուղիղ Էրդողանին հեգնանքով նշել է, որ գիտի, որ Թուրքիայի ներկայիս նախագահն ընտրությունների կեղծելու մեծ վարպետ է:

Այս ամենի հետ կապված, Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները սկսեցին հրապարակավ բացատրություններ պահանջել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանից, որն էլ պատասխանեց, որ համարում է Թուրքիային, դեմոկրատական երկիր, սակայն բռնատիրական հակումներով:

Սակայն, ամերիկացիների կողմից Էրդողանի հանդեպ այս արհամարական վերաբերմունքը վերը նշածով չսահմանափակվեց:

Նախ, Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը փակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ գնալու ճանապարհին՝ Թրամփի մեքենաներին անցնելու հնարավորություն տալու համար: Հարգանք և պատիվ սիրող Էրդողանը, հավանաբար չէր գնահատի նման ընդունելությունը, որը արժանի չէ սուլթանի համար:

Այնուհետև պետքարտուղար Մարկո Ռուբիոն սառը ցնցուղ լցրեց նրա վրա՝ մեկնաբանելով թուրք առաջնորդի Fox News-ին տված հարցազրույցը, որում նա կասկածի տակ դրեց Թրամփի խոստումը՝ լուծել Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները։

Ռուբիոն ասաց, որ օտարերկրյա առաջնորդները «կարող են ասել այն, ինչ ուզում են, բայց, վերջին հաշվով, երբ անհրաժեշտ է լուծել որևէ խնդիր, նրանք ուզում են գալ Սպիտակ տուն՝ ինչպես նախագահ Էրդողանը, որը նույնպես պլանավորում է հանդիպել նախագահի հետ»։

Նա պնդեց, որ Էրդողանը և մյուս առաջնորդները գործնականում աղաչում են գոնե սեղմել Թրամփի ձեռքը։

Ռուբիոյի այս վիրավորական ձևակերպումներին Էրդողանը բնականաբար ռիսկ չարեց պատասխանել:

Նրա տեղը վրդովվեցին Թուրքիայի քաղաքական դասի ներկայացուցիչները:

Նախ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզելը հայտարարեց, որ առանց ԱՄՆ աջակցության Էրդողանը չէր համարձակվի ձերբակալել իր գլխավոր մրցակցին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Իսկ հետո նշեց, որ Էրդողանը, հանուն իր իշխանության լեգիտիմության, պատրաստ է Վաշինգտոնին վտանգավոր զիջումների գնալ:

Իսկ այդ երկրի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիայում նախագահի և խորհրդարանի լեգիտիմությունը գալիս է ոչ թե Վաշինգտոնից, այլ թուրք ժողովրդից։ Վիրավորական հայտարարություններին պետք է արձագանք տալ, որն այդպես էլ չլսվեց իշխող թիմի կողմից,- նշեց նա։

Այն, որ Էրդողանը չէր պատրաստվում կոշտ դիմադրել Թրամփին հայտնի էր հենց սկզբից:

Դեռ ավելին, մինչ այդ հանդիպումը, օրեր առաջ, Էրդողանը հանդիպել էր Թրամփի որդու հետ և շռայլ խոստումներ տվել նրան՝ բիզնես ոլորտի մասով:

Մասնավորապես, հենց այդ հանդիպման հետ էր կապված, նշում են փորձագետները,գործարքը «Թուրքական ավիաուղիներ»-ի և ամերիկյան Boeing կորպորացիայի միջև։ Թուրքերը համաձայնել են գնել 225 քաղաքացիական ինքնաթիռ։

Մեկ այլ արդյունք էին ամերիկյան ընկերությունների հետ համաձայնագրերը՝ Թուրքիային հեղուկացված բնական գազ (LNG) մատակարարելու վերաբերյալ՝ առաջիկա 20 տարիների ընթացքում։

Ճիշտ է, ամերիկացիներն առաջարկում էին թուրքերին՝ հրաժարվել ամբողջովին ռուսական գազից, ի օգուտ իրենց գազի: Դրա դիմաց, նույնիսկ ակնարկում եին, որ ԱՄՆ-ն կլուծի նույնիսկ Ֆ-35 կործանիչների վաճառքի հարցը: Սակայն Թուրքիան չէր կարող գնալ նման աստիճանի զիջման, քանի որ, ռուսական գազի ինքնարժեքը անգամներով էժան է ամերիկյանից:

Թուրք փորձագետների համոզմամբ՝ Էրդողանը համաձայնվել է ամերիկյան հեղուկ գազ գնել, դա բացառապես դիտարկելով որպես «նվեր»՝ Թրամփին:

Իսկ որ Էրդողանին Թրամփի հետ ընկերությունն անհրաժեշտ է, նույնիսկ կարիք չկա բացատրել:

Նախ, իր դիրքը Թուրքիայում բավականին հեղհեղուկ է և, 2028-ի ընտրություններում պարտության դեպքում, կարող են իր և իր թիմակիցների դեմ քրեական գործեր բացվել:

Մանավանդ, որ ներկայիս ողջ ԵՄ-ի վերնախավը Թուրքիայում աջակցում է ընդդիմությանը, իսկ ԱՄՆ-ում, նախորդ ամերիկացի առաջնորդի՝Բայդենի օրոք, Էրդողանի այցը անընդհատ հետաձգվում էր. չորս տարվա ընթացքում նրան երբեք չեն ընդունել Սպիտակ տանը:

Իսկ ամերիկյան դեմոկրատները չեն էլ թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Էրդողանի հանդեպ:

Սակայն այնպես չի որ հանարապետականները հիացած են Էրդողանից:

Նախ հանրապետականները կտրականապես մերժում են իսլամիստ գործիչներին, Իրանին, Համասին, որի շարքում է դիտարկվում նաև Էրդողանը:

Բացի այդ, ըստ ամերիկյան փորձագետների, Թուրքիայի ղեկավարի դեմ, ավանդաբար Վաշինգտոնում գործում են հայկական, հունական և սիոնիստական ազդեցիկ շրջանակները: Իսկ նրանց կողմից աջակցվող կոնգրեսականներն ու սենատորները Թուրքիան դիտարկում են, որպես ժամանակավոր դաշնակից, որն ինչ-որ պահի, կարող է սպառնալ Հունաստանին, կամ Իսրայելին:

Այդ տեսանկյունից էլ Էրդողանի համար Թրամփի դրական վերաբերմունքն ստանալը դարձել էր չափազանց կարևոր հարց:

Ընդ որում, ըստ թուրք վերլուծաբանների, ԱՄՆ-ի հայերի, հույների և սիոնիստների պատճառով, Վաշինգտոնում երբեք արժանի չեն նկատում Թուրքիայի կշիռն ու կարևորությունը տարածաշրջանում:

Օրինակ, Հասան Քալյոնջուի համալսարանի դոցենտ և SETA-ի ավագ գիտաշխատող՝ դոկտոր Մուրատ Ասլանը նշում է բառացի հետևյալը.

«…Անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով Թուրքիայի «ռազմավարական ինքնավարության» աճը Միացյալ Նահանգներում մեկնաբանվում է որպես «առանցքից տեղաշարժ»։ Սենատորները, որոնք նախագահ Էրդողանին կոչ էին արել «տուն վերադառնալ» Սպիտակ տուն կատարած նախորդ այցի ժամանակ, շարունակում են պաշտոնավարել։ Սպիտակ տունը իսկապես ցանկանում է «վերահսկվող» Թուրքիա, սակայն նման սպասումները չեն համապատասխանում Թուրքիայի իրական ներուժին…»,- նշում է թուրք փորձագետնը։

Ըստ նրա. «…Թուրքիան անհերքելի ազդեցություն ունի Սիրիայում, Լիբիայում, Աֆրիկայում, Բալկաններում և Հարավային Կովկասում: Սերբերի և բոսնիացիների, Ուկրաինայի և Ռուսաստանի, Էրբիլի և Բաղդադի, Բենգազիի և Տրիպոլիի հետ միաժամանակյա երկխոսության մեջ մտնելու ունակությունը Թուրքիային բնորոշ եզակի հատկանիշ է: Հաշվի առնելով այս փաստերը՝ Թուրքիայի ակնկալիքները Միացյալ Նահանգներից հիմնված են իր շահերի նկատմամբ հարգանքի և սահմանների գիտակցման վրա: Այլ կերպ ասած՝ Թուրքիան ցանկանում է, որ իր ազգային քաղաքականությունը, որը կենտրոնացած է անվտանգության և բարգավաճման վրա, հարգվի…»:

Մինչդեռ, ԱՄՆ-ում միշտ անտեսում են Թուրքիայի այս նշանակությունը:

Իսկ վերջերս Թուրքիան կարողացել է իր ազդեցությունը մեծացնել նաև Հայաստանի վրա, որի արդյունքում, ԱՄՆ-ն կարող է ոտատեղ ունենալ նույնիսկ Անդրկովկասում:

Մի՞թե սա արժանի չէ, որ Վաշինգտոնում հասկանան և գնահատեն Անկարայի դերն ու նշանակությունը, վրդովվում է թուրք փորձագետը:

Մինչդեռ, մինչ այսօր, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Թուրքիային է արգելված Ֆ-35 կործանիչների վաճառքը: Այնինչ Իսրայելն ու Հունաստանն այդ առավելությունն ունեն՝ չունենալով Թուրքիայի նման ազդեցություն:

Բացի այդ, ըստ թուրք փորձագետի, Թուրքիան իր տնտեսությունն աննախադեպ է բացել ամերիկյան բիզնեսի համար:

Օրինակ, ներդրումների առումով, Միացյալ Նահանգները մինչև 2024 թվականը Թուրքիայում ունի 15 միլիարդ դոլարի ներդրումային պորտֆել: 2025 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը ամերիկացիները ապահովել են ընդհանուր ներդրումների 36%-ը կամ՝ 4.727 միլիարդ դոլար: Սա Միացյալ Նահանգները դարձնում է այն երկիրը, որն առաջին հինգ ամիսների ընթացքում ամենաշատն է ներդրումներ կատարել Թուրքիայում: Սակայն այս թիվը դեռևս բավարար չէ ֆինանսական ոլորտը հաշվի առնելով: Մյուս կողմից, հայտնի է, որ թուրքական ընկերությունները Միացյալ Նահանգներում ներդրել են 12 միլիարդ դոլար:

Ըստ թուրք վերլուծաբանի, Վաշինգտոնը պիտի կամք դրսևորի և հրաժարվի հայերի, հույների և հրեաների ազդեցություններից և Անկարային դիտարկի, որպես տարածաշրջանի գլխավոր դաշնակից:

Մինչդեռ, հրեաների ջանքերով, դա ոչ միայն չի ստացվել, այլև նրանք փորձում են Թուրքիային ամերիկյան հանրության առջև դիտարկել Իրանի հետ նույն հարթակում՝ որպես պոտենցիալ թշնամի երկիր:

Իսկ դա, ըստ թուրք փորձագետի, հանգեցնում է նրան, որ թուրք հանրության մեջ առաջ է գալիս գաղափար. ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Մանավանդ, որ Թուրքիային նույնիսկ եվրոպացիները չեն վստահում, որի արդյունքում Թուրքիան արդեն 50 տարուց ավել է ինչ չի կարողանում դառնալ ԵՄ անդամ:

Մի՞թե պարզ չէ, որ այս ամենից հետո թուրք հանրությունը պիտի հայացքը ուղղի դեպի Ռուսաստան և Չինաստան:

Այդ դեպքում, պետք չէ Անկարային մեղադրել, որ վերջինս բավարար չափով դեմ դուրս չի գալիս Ռուսաստանին, օրինակ Ուկրաինայի հարցով:

Թուրք վերլուծաբանները ամփոփելով այս հանդիպումը, եկել են այն եզրակացությանը, որ Թրամփի համար, Էրդողանի հետ հանդիպումը սիմվոլիկ նշանակություն ուներ:

Պարզ էր նաև Էրդողան ցանկությունը՝ ցույց տալ Թրամփին, որ Հայաստանի մասով նա նոր նվեր կարող է մատուցել իրեն: Բայց ամերիկյան փորձագետների միահամուռ համոզմամբ՝ Հայաստանը Թրամփին և ԱՄՆ-ին շատ քիչ են հետաքրքրում, որպեսզի Էրդողանի այս «նվերը» արժանի գնահատեն:

Ամերիկացիների համար ավելի կարևոր է Իսրայելը, որի համար Թուրքիան միշտ դիտվելու է, որպես պոտենցիալ վտանգ:

Ահա թե ինչու Էրդողանին միգուցե կհաջողվի իր լեգիտիմության հարցը լուծել Վաշինգտոնի մոտ, սակայն առավելը ստանալ չի հաջողվի, նշում են և՛ թուրք , և՛ ամերիկյան փորձագետները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը