Տնտեսական

26.12.2011 16:02


2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 758.7 մլրդ դրամ` 89.7%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 796.8 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության տարեկան ծրագրի 84.4% կատարողական: Ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 741.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 780.6 մլրդ դրամ` ապահովելով համապատասխանաբար 89.9% և 85.1% կատարողական: ՀՀ պետական բյուջեի եկամուտները Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 68.5 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 17.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 83.2%-ը: 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 596.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից 1.3 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի տարեկան ծրագրի կատարողականը կազմում է 91.2%, իսկ դրանք հաշվի առած` 91% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 57.9%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 53.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով: ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.3%‑ով կամ 54.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շենքերի և շինությունների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման,  կենսաթոշակների, այլ ծախսերի, պետական պարտքի սպասարկման և դրամաշնորհների ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 706.1 մլրդ դրամ` 84.4%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 6.6%-ով կամ 44 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 67.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 4.9 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 85.3%-ը և 80.6%-ը: Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 8.2%-ով և 9.1%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 147.2 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 83.9%-ը և 6.9%‑ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 31 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 73.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից 20.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 10.6 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 22.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց: ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 38.1 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 39%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 24.5 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 46.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.7 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը