Լրահոս

26.12.2011 00:09


Հայաստանի երիտասարդ եզդիները համախմբվում են

Ս.թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ համաժողովի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր և բանախոսներ, այդ թվում` ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, ԵՊՀ գրադարանի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աշոտ Ալեքսանյանը, ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը և ուրիշներ:

Եզդիները, հանդիսանալով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, ունեն դարավոր պատմություն, կրոն, յուրօրինակ արժեհամակարգ, որոնք արտացոլում են եզդի ազգի իրական պատմությունն ու հարուստ ներաշխարհը: Չունենալով պետականություն` նրանք սփռված են աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում` հանդիսանալով վերջինիս լիիրավ քաղաքացիներ: Հայ և եզդի ժողովուրդները իրենց դարավոր պատմության ընթացքում մշտապես եղել են մերձավոր բարեկամ և դաշնակից ազգեր:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է Սաիդ Ավդալյանը: Կազմակերպությունը որդեգրելու է ազգանպաստ գործունեություն` իր առջև դնելով մի շարք նպատակներ` ի շահ եզդի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության բարօրության: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում առաջին հերթին համախմբել եզդի երիտասարդությանը, նպաստել նրանց լիարժեք ներգրավմանը ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների գործընթացներին: Միաժամանակ, «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ն նպատակաուղղված է նպաստել եզդի և հայ երիտասարդության միջև կայուն ու հարատև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը: Կազմակերպությունը ձգտելու է նաև վերջ տալ իրականությանը չհամապատասխանող այն թյուր կարծիքին, թե եզդիները քուրդ ժողովրդի մաս են կազմում: Կազմակերպությունը նպատակաուղղված է հանդիսանալու այն հարթակը, որը հիմք կհանդիսանա եզդի երիտասարդության միավորման, նրանց ազգային արժեքների պահպանման, իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ն իր առջև դրված խնդիրների իրականացման համար նպատակ է հետապնդում կազմակերպել և իրականացնել գիտակրթական, մշակութային և այլ բնույթի  միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկել եզդի երիտասարդների լայն լսարան` նպատակ ունենալով հանրությանը իրազեկ դարձնել եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում նպատակաուղղված է լինելու նաև ներկայացնել եզդիական ավանդույթներն ու սովորույթները` որպես եզդիական յուրօրինակ արժեհամակարգի բաղկացուցիչներ: «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ձգտելու է ակտիվ համագործակցություն ծավալել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների, Հայաստանում և արտասահմանում գործող եզդիական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ` ձգտելով այդ համագործակցության արդյունքում հասնել կազմակերպության առջև դրված նպատակների ի կատար ածմանը։

Այս խորագրի վերջին նյութերը