Լրահոս

26.12.2011 09:08


Գերմանիացի ուխտավորի «Հայաստան մոլորակը» շրջում է Գերմանիայով ու տարածում Հայաստանի բույրը

2011 թվականի նոյեմբերի 26-ին Համբուրգի Հայ Մշակութային Միությունում տեղի ունեցավ դոկտոր Յոխեն Մանգելսենի  «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գրքի ութերորդ շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2011 թվականի սեպտեմբերին  Մայնի Ֆրանկֆուրտի ,Հայ մեդիաե հրատարակչատանը  և ունի 187 էջ: Այն հարուստ է ճոխ նկարազարդումներով, որոնց հեղինակն է Բրեմենում գործող հայ նկարչուհի Մարիետտա Արմենան: Հրատարակված լինելով սեպտեմբերին` գիրքը 2 ամսում ունեցել է 8 շնորհանդես, որոնք կազմակերպվել են տարբեր հայկական համայնքների և գերմանական կազմակերպությունների կողմից:

Մանգելսենի գիրքն անմիջապես նկատվել է նաև գերմանական լրատվամիջոցների կողմից: Տպագրությունից անմիջապես հետո դրան է անդրադարձել Բրեմենի շրջանում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկը` Վեզեր Կուրիերը (04.09.2011), ինչպես նաև երկու ռադիոկայաններ` Զուդվեստռունդֆունկը և Ռադիո Բրեմենը, իսկ հունվարին սպասվում է գրքի վերաբերյալ մեկժամյա ռադիոհաղորդում Նորդվեստ ռադիոկայանով:

Համբուրգյան շնորհանդեսին բացման  խոսքով ելույթ ունեցավ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) և Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) նախագահ  Ազատ Օրդուխանյանը` ասելով. ,Յոխենը մեկ ամսում Հայաստանի հյուսիսից հարավ անցավ, հասավ Արցախ, իսկ նրա գիրքն ընդամենը 2 ամսվա ընթացքում հասցրեց լինել 8 քաղաքներում` անցնելով Բրեմենից Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հալե, Լայպցիգ, Բեռլին և Համբուրգ: Ասում են` առհասարակ անփոխարինելի մարդիկ չեն լինում, բայց Մանգելսենն անփոխարինելի է ևԲ որպես ընկեր, ևԲ որպես ԳԿԽ-ի մամուլի խորհրդատուե:

Գիրքն արդյունք է մի քանի շաբաթվա ճանապարհորդության, որի ընթացքում հեղինակն անցել է շրջանից շրջան, վանքից վանք և ոգեղեն արկածների միջով հասել է Արցախ: Հարավային Կովկասի քաղաքական վտանգավոր ու անկայուն կոնֆլիկտը մտահոգում է հեղինակին այնքան, որքան առաջ են մղում երկրի ֆանտաստիկ լեգենդները, հազարամյակների պատմությունը, ժողովուրդը, մշակույթն ու քաղաքական անցուդարձը: Նա  մի պայծառ հայացք է հղում Արարատի լանջին ընկած մեր երկրին ու նոր պատկերացում է տալիս նրա մասին, ներկայացնում այն որպես մի գունավոր ու պերճաշուք  մոլորակ և բնորոշում իր գիրքը որպես քաղաքական ֆելետոն:

Գրքում ներառված են նաև տեքստ-մանրանկարներ, որոնք փոքրիկ նովելներ են և չնայած ընդամենը մի քանի տողից կազմված լինելուն`  արտացոլում են երկրի առանձնահատուկ կախարդանքը: Գիրքն իսկապես յուրահատուկ է ու ինքնատիպ և արդեն իսկ հասցրել է ունենալ մեծաքանակ վաճառք: ՈՒստի, որոշ փոքրիկ լրացումներով հունվարից  հետո ակնկալվում է երկրորդ հրատարակությունը, ինչպես նաև կհետևեն նոր շնորհանդեսներ:

Դոկտոր Յոխեն Մանգելսենը ծնվել է 1942 թվականին, լրագրող է, ապրում և գործում է Բրեմենում, երկար տարիներ աշխատել է որպես Բրեմենի ռադիոյի մամլո խոսնակ: Լրագրողական կարիերա սկսել է հրապարակախոսություն, թատերագիտություն, գերմաներեն լեզու և բանասիրություն ուսանելուց հետո: Ամուսնացած է եղել հայազգի Սեդա Մուրադյանի հետ: Դուստրը` Սոնան, կնքվել է Հայաստանում, իսկ 2011 թվականի հոկտեմբերին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրվեց հայկական ծիսակարգով: Այդ նույն օրը Մանգելսենը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կնքեց նաև իր թոռներին: Ըստ Մանգելսենի` արմատները, որոնք Սեդան սերմանել է դստեր հոգում, խորը հիմքեր ունեն:

Այն շարժառիթը, որն ավելի քան 40 տարի բերել է «Հայաստան» թեման, Մանգելսենը վերցրել է իր սեփական` գերմանական, պատմությունից: Հոլոքոսթը, որը գործել է Մանգելսենի ծնողների սերունդը, ստիպում է նրան նրբանկատորեն վերաբերվել հայոց ցեղասպանությանը, որի անպատժելիություը, շատերի կարծիքով, խրախուսել է Եվրոպայում հրեաների կոտորածի կազմակերպիչներին: Գերմանիայի պատմությունը և նրա մոտեցումը պատմությանը հարում են այն հարցին, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան վերաբերվում իր անցյալին, քրիստոնյա հարևանների նկատմամբ երիտթուրքերի ցեղասպանությանը, այս ողբերգության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը, ինչպես նաև հետագա սերունդների պատասխանատվություն կրելուն: Այս հանգամանքներն ու փաստերն են, որ հիմք են ծառայել Մանգելսենի գործունեության համար: Նա ստեղծել է հայ-գերմանական խմբակ Հանուվերում, ապա Բրեմենում, աշխատել է  «Հայ-գերմանական թղթակցություն» հանդեսի խմբագրությունում, դարձել դրա համախմբագիրը, իսկ ներկայումս հանդիսանում է ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու:

Ինտենսիվ, անձնապես հիմնավորված, քաղաքապես մոտիվացված տարիների կապը Հայաստանի հետ հաստատում են նրա սերն առ այս երկիր: Ինքը` Մանգելսենը, ասում է. ,Ի՞նչն է ինձ կախարդում Հայաստանում: Գուցե, դա ուղղակի այսպես է. մենք սիրահարվում ենք մի տեղի, նրա բնությանն ու մարդկանց և ինչ-որ մի ժամանակ գնում դրանք բացահայտելու, և այդ ճանապարհորդությունը տանում է մեզ դեպի մեր հոգիները: Հայաստանը, ինչպես նաև Արցախը կախարդական երկրներ են` լեցուն լեգենդներով, հազարամյա մշակութային հուշարձաններով, խորապես ազդված քրիստոնեությունից, դիցաբանությունից ու նոր պատմության հարվածներից,: Եզրակացություն. գրեթե  40 տարի է,  ինչ կախարդված եմ Հայաստանովե: Սրա վկայությունն է նաև 2001 թվականին նրա հրատարակած «Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչև Բեռլին» վեպը, որն արծարծում է 1915-19 թվականների երիտթուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ ուղարկվեց անմեղ մահվան, ինչպես նաև  ներկայացնում է բազմաթիվ հայ ընտանիքների ճակատագրեր, որոնք ապրում են սփյուռքում, բայց չեն կարող մոռանալ անցյալի սահմռկեցուցիչ իրադարձությունները և իրենց զգում են աշխարհի կողմից լքված ու մոռացված: Վեպի առաջին պլանում մի հայ ընտանիքի պատմություն է, իսկ հետին պլանում` միլիոնավոր հայերի սպանդը: Ցեղասպանությունը երկու երիտասարդների գցում է Բեռլին: Ալֆրեդը և Օֆելյան հանդիպում են իրար, բայց սկզբնական շրջանում փորձում են գտնել իրենց արմատներն առանձին-առանձին: Ալֆրեդը հիշում է իր նախնիների կոտորածը և արտագաղթը Արևմտյան Հայաստանից, իսկ Օֆելյան ստիպված էր ուղեկցել հարազատներին Պարսկաստանից փախչելու դժվարին ճանապարհներին: Մանգելսենը սրտացավորեն է նկարագրում նրանց կյանքի շրջադարձներն ու  բեկումները: Սույն գիրքն արտացոլում է նրա կարեկցանքը մի բազմակիորեն խոցված  երկրի նկատմամբ:

Այնուհետև Մանգելսենը վիպագրությունից անցում է կատարում ճանապարհորդական գրականության ժանր և 2006 թվականին  Ֆիլիպ Շմիթի հետ հրատարակում է Իսպանիայում իր կատարած Յակոբյան ուխտագնացության մասին գիրքը: Մանգելսենի ընթերցողներն ակնկալում էին, որ Յակոբյան ուխտագնացն իր ճանապարհորդի ցուպով պիտի անցներ նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերով: Վերջապես, 2010 թվականին գրողի հայ երկրպագուների սպասելիքները բավարարվեցին: Մանգելսենը ճանապարհորդեց Հայաստանով ու Արցախով և նաիրյան երկրից ստացած վառ տպավորություններն  ամփոփեց իր երրորդ գրքում, որը մի ուխտավորի յուրօրինակ սիրո խոստովանություն է Հայաստան աշխարհին ու հայերին:

Օֆելյա Սարգսյան

Ֆլենսբուրգ, Գերմանիա

Այս խորագրի վերջին նյութերը