Լրահոս

24.12.2011 10:05


Ժայռը կպայթեցվի այսօր

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը` ՀՀ Կառավարության հանձնարարությամբ կիրականացնի ժայռի պայթեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր է կնքել մասնագիտացված «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ, որի պայթեցնող մասնագետները` ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն մեկ շաբաթ տեղանքում իրականացնում են ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ։

Քարաժայռի մատչելի վայրերում կառուցված փայտյա հարթակներից, իսկ դժվարմատչելի վայրերում` պարաններով կախված վիճակում, փրկարարների աջակցությամբ մասնագետները քարաժայռի վրա հորատել են 150 հատ մինչև մեկ մետր խորությամբ հորիզոնական անցքեր։

Արհեստական քարաթափումից ավտոճանապարհը չվնասելու նպատակով ճանապարհի ասֆալտյա մակերեսը ծածկվել է 1000 խմ բնահողով։ Այդ աշխատանքներն Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է Տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի հետ։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արհեստական քարաթափման աշխատանքները նախապատրաստելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-24-ը նշված տեղամասում գործում է միայն մեկ երթևեկամաս, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 շրջանցիկ ճանապարհով:

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն այսօր, ժամը 12.00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը