Լրահոս

24.12.2011 10:02


Մոզրովի քարանձավում եղած շիթաքարերից ու կաթիլաքարերից միայն ստվերն է մնացել

Ինչպես վերջերս նշվել էր «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստների կողմից, նրանք, մտահոգված լինելով Մոզրովի քարանձավի ճակատագրով, որոշել էին միջոցներ ձեռնարկել տվյալ և ևս մի քանի այլ քարանձավների պահպանման և հետագա ճիշտ շահագործման ուղղությամբ: Այսպիսով առաջին քայլերը արդեն կատարված են: Դեկտեմբերի 20-ին «Թռչկանի զավակները» այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավ` մուտքը չափագրելու և մոնիտորինգ իրականացնելու համար: Ըստ նրանց, քարանձավի վիճակը ոչ մի լավ բան չէր խոստանում: Ձյունը դեռ նոր էր եկել, բայց այնտեղ արդեն նշմարվում էին անկոչ հյուրերի թողած ոտնահետքերը և դատարկ շշերը: Բնապահպանները ցավով էին շեշտում, որ քարանձավում եղած շիթաքարերից ու կաթիլաքարերից միայն ստվերն է մնացել: Իսկ մնացածը փրկելու, պահպանելու և սերունդներին փոխանցելու համար թռչկանցիները պատրաստվում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը` փակել առաջին սրահի մեծ ճեղքը` խոնավությունը պահպանելու, զբոսաշրջիկների մուտքը համաձայն օրենքի սահմանափակելու, քարանձավը դրսի փոշիից առանձնացնելու և քարանձավի ներսում կաթոցները վերականգնելու նպատակով: Քարանձավի փլվածքը, որը նաև մուտք է հանդիսանում, բավականին մեծ է, իսկ ծախսերը հետևաբար զգալի: Սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ և համատեղ ուժերով ամեն ինչ կիրականացվի հավուր պատշաճի: Կվերականգնվի նաև «Արջերի» կոչվող քարանձավի մուտքին կից գտնվող քանդված անցքը, որը նույնպես ժամանակին ծառայել է որպես գաղտնի հետնամուտք:

Ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանի խոսքերով այդ ամենը պատճառն է այն բանի, որ քարանձավի ելումուտը չէր կանոնակարգվում համաձայն պահանջվող ստանդարտների: Հարկավոր է, որ համապատասխան մարմինների կողմից մշակվի քարանձավներից օգտվելու և այցելություններ իրականացնելու որոշակի ձև, որը պարտադիր կլինի բոլորի համար: Վերոնշյալ ձևը արդեն մշակվում է թռչկանցիների, նրանց աջակցող բնապահպանական կազմակերպությունների և մասնագետների կողմից: Պատրաստ լինելուց անմիջապես հետո, այն անմիջապես կառաջարկվի համապատասխան պետական մարմիններին` կիրառության համար: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մեջ ընդգրկված քարանձավախույզների անձամբ կհետևեն, որպեսզի քարանձավին լրացուցիչ վնաս չհասցվի:

Հարգանքներով` Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը