Հարցազրույց

23.12.2011 13:40


Նարինե Վարդանյան

Նարինե Վարդանյան

Հարցազրույց բացօթյա առևտրով զբաղվող անձանց կոորդինացնող խմբի անդամ Նարինե Վարդանյանի հետ

–Բավական երկար ժամանակ պայքարում էիք ձեզ ապրուստի միջոցից զրկելու դեմ։ Ինչ արդյունքների հասա՞ք։

–Ոչ մի արդյունք։ Մինչև հիմա էլ անգործ ենք մնացել։ Ոմանք ուրիշ աշխատանք են անում, ոմանք մուտքերում թաքնված առևտուր են անում, մյուսներն էլ մի կերպ գոյատևում են։ Հիմա մեզ առաջարկել են Սախարովի հրապարակի մոտ մինի–շուկա են սարքել՝ սեփական։ Բայց չգիտենք էլ՝ ի՞նչ գին կուզեն տեղի փողի համար, պայմանները ո՞նց կլինեն, ե՞րբ կաշխատի։

–Քաղաքապետարանի՞ց են այդ տեղն առաջարկել։

–Այո՛, իրենք էլ են տեսնում, որ այսպես հնարավոր չէ։

–Ձեր խմբից կա՞ն այնպիսի մարդիկ, ովքեր հիասթափվեցին և ճարահատյալ լքեցին երկիրը։

–Եղել են երկրից գնացողներ։ Ընտանիքին չեն տարել. որտեղի՞ց այդքան հնարավորություն։ Տան տղամարդիկ գնացել են դուրս՝ պանդխտության, որ փող ուղարկեն։

–Հիմա ինչո՞ւ ձեր պայքարը, բողոքի գործողությունները չեք շարունակում։

–Միևնույն է, մեր բողոքն արդյունք չտվեց։ Ինչքա՞ն կարող ենք շարունակել։

–Նոր քաղաքապետի հետ որևէ հույս կապո՞ւմ եք։ Նրա գալստյան հետ դրական փոփոխություններ եղա՞ն։

–Չէ՛, մեր հարցում չի եղել։ Տարոն Մարգարյանի հետ չենք հանդիպել։ Հո այս քաղաքապետը դրսից չի՞ եկել, ինքն այն ժամանակ էլ էր տեղյակ, համամիտ այս ամեն ինչին ու անձամբ ակտիվորեն միջամտում էր։

–Հաջորդ տարվանից ի՞նչ սպասելիքներ ունեք, Ամանորն ինչպե՞ս եք դիմավորելու։

–Չգիտեմ էլ՝ ինչ սպասեմ։ Ուզում ենք, որ ապրելու հնարավորություն լինի, ուրիշ էլ ի՞նչ պիտի սպասենք։ Նոր տարի ո՞նց անեմ։ Չեմ անելու։ Ես երևի գնամ գյուղ՝ ծնողներիս մոտ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը