Լրահոս

23.12.2011 00:37


«Ժառանգություն». «Պահանջում ենք վերջ տալ Հայաստանի հանքարդյունաբերական կողոպուտին»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ սատարում է սահմանամերձ Քաջարան գյուղի եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 5 գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի բնակիչների պայքարին` ընդդեմ իրենց հողերի (500 հեկտարից ավելի) նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, որի համաձայն դրանք ձեռք է բերելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ):

«Ժառանգությունն» բազմիցս նշել է, որ անընդունելի է համարում նախեւառաջ Հայաստանի ազգային հարստությունը հանդիսացող հանքարդյունաբերական ձեռնարկությունների ու հանքերի շահագործման իրավունքների` շուկայականից երբեմն տասնյակ անգամ ցածր գներով հանցավոր եւ հակապետական մասնավորեցումը, ապաեւ դրանցում առկա հանքահումքային պաշարների անխնա շահագործումը, որից Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիները անհամարժեք ցածր շահույթ են ստանում: Այսպես, իշխանությունների հայտնի օղակների հովանավորությամբ, միայն 2011թ. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարները չգանձելու արդյունքում մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետությունից թաքցրել են առնվազն 418 մլրդ դրամ կամ 1,1 մլրդ դոլար գումար:

Նշված օրենքով պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն ԶՊՄԿ-ից պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ գումար: Դրանով ՀՀ բյուջեն զրկվում է ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման, մերձակայքում ապրող մարդկանց արժանավայել փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցներից: 2007թ.-ին  նշված օրենքի ընդունումից ի վեր, ԶՊՄԿ-ն տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար հիմք է, որպեսզի ԶՊՄԿ-ը պետականացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից գոյացող տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթն այսուհետ ուղղվի պետական բյուջե:

Պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը նաև կխթանի արդյունահանողների շահագրգռությունը` հանքանյութն  առավել խորը վերամշակման ենթարկելու եւ դրանից առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզելու համար` ստեղծելով լրացուցիչ ավելացված արժեք, նաեւ ներդրումներ իրականացնելու կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման մեջ` բացելով տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

Անհապաղ քննարկման ենթակա ենք համարում նաեւ ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտների շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման ու տեղադրման համար դրանք շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների գանձման անհրաժեշտությունը եւ օրենսդրորեն այն ամրագրելը:

2004թ. դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն` ԶՊՄԿ-ը 132 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է` 60%-ը «գերմանական» «Chronomet»-ին, 15%-ը` «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոսը «Armenian Molybdenum Production» ՓԲԸ-ին եւ «Zangezur Mining» ՍՊԸ-ին: Ընդ որում` գնորդները 2004թ. վերջին վճարել են ընդամենը 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 միլիոնը վճարել են արդեն 2005թ. հանքից ստացված 120 մլն դոլար շահույթից: Փաստորեն շահութաբեր ձեռնարկությունը մասնավորեցվել է մի խումբ «անհայտ», իսկ իրականում քաջ հայտնի ծագում ունեցող ընկերությունների, որոնք այդ ձեռնարկության դիմաց պետությանը վճարել են վերջինի ընդամենը մեկուկես տարվա շահույթի հաշվին, ապա ստանձնած ներդրումային պարտավորությունները եւս սկսել են իրականացնել հետագա շահույթի ընդամենը մի մասի հաշվին: Աշխարհի մոլիբդենի պաշարների 7%-ը պարունակող հանքի 25 տարվա շահագործման իրավունքով` կոնցեսիոն պայմանագրով հանդերձ, ԶՊՄԿ-ի իրական շուկայական արժեքը 2004թ. դրությամբ, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 մլրդ դոլարի շրջանակներում, իսկ այժմ պղնձի եւ մոլիբդենի գների էական աճի եւ միջազգային շուկաներում դոլարի սղաճի արդյունքում այն անցնում է 2 մլրդ դոլարից` այսինքն 14 անգամ ավելի թանկ այն գնից, որով այն մասնավորեցվել է:

Պետական ունեցվածքի նման ակնհայտ կողոպուտ հնարավոր էր միայն  նման հանցավոր կառավարման համակարգում: Փաստորեն, մի քանի հոգի ամեն տարի կողոպտում են ՀՀ հարյուրավոր միլիոն դոլարների ունեցվածքը, այսինքն` ամեն տարի մտնում են մեր թոշակառուների գրպանները, գողանում են դպրոցներից ու համալսարաններից, մեր բանակից եւ դրա համար որեւէ մեկը չի պատժվում: Ավելին` իշխանություններ ստանձնել է այդ կողոպտիչների մասնավոր շահերի սպասարկման հանցավոր գործառույթը` նպատակաուղղված աղքատացնելով թե հանքի շրջակայքում գտնվող գյուղերը եւ թե ամբողջ երկիրը:

Ներկայիս կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերական ոլորտում ուղղակի խոչընդոտում են Հայաստանի գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ առողջապահության զարգացման ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության մեջ աշխատող քաղաքացիներին արժանապատիվ աշխատավարձով ապահովմանը եւ հանքարդյունաբերությունից առավել տուժող շրջակա բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, դրանց բնակիչների առողջական եւ կենցաղային խնդիրների կանխարգելմանն ու լուծմանը: Քաջարան քաղաքում եւ դրան հարակից գյուղերում բնակչությունն մատնված է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, գրեթե բացակայում են ներգյուղական եւ միջգյուղական ասֆալտապատ ճանապարհները, գյուղերի մեծ մասը գազիֆիկացված չէ. այս թվարկումը կարելի է շարունակել:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է.

1.   անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ,

2.   անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու փորձերը` նրանց սեփականության իրավունքներից հրաժարվելու ուղղությամբ,

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում մյուս խորհրդարանական ուժերին միասին հանդես գալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությոմաբ. ա) ԶՊՄԿ-ի եւ մյուս հանքարդյունահանող ընկերությունների մասնավորեցման եւ/կամ դրանց` հանքավայրերի շահագործման իրավունքների տրամադրման պայմանները վերհանելու, օրինականությունն ուսումնասիրելու եւ բ) հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը ստուգելու նպատակով` ներգրավվելով դրանում խորհրդարանական բոլոր խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը