Հարցազրույց

22.12.2011 17:04


Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Հարցազրուց «Եվրատեսիլ»–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ

–Այս տարի Ամանորը դիմավորելու եք աշխատանքային մթնոլորտո՞ւմ, թե՞ տանը։

–Իմ կյանքում մի դեպք է եղել, երբ Ամանորն աշխատանքային է եղել։ Դա խնջույք էր, որը պետք է վարեի, և այդպես աշխատանքային անցավ նաև ամբողջ տարին։ Բայց ես հասկացա, որ այդ ամենը չարժե։ Եթե ծայրահեղ դրա կարիքը չկա, ֆինանսական տեսակետից հաստատ չարժե, որ այդ օրն աշխատես։

–Իսկ ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ եք դիմավորում Նոր տարին։

–Դա մի օր է, որը պետք է անցկացնես ընտանիքիդ հետ։ Դա շատ ընտանեկան տոն է, և մենք նույնպես, ինչպես հայկական բոլոր ընտանիքները, դիմավորում ենք միասին, այնուհետև ես համոզում եմ մերոնց, որ պետք է գնամ ընկերներիս հետ էլ նշեմ։ Տնետուն գնալն ինձ այդքան էլ դուր չի գալիս. ես սիրում եմ մեր տանը դիմավորել, այնուհետև ընկերներիս հետ անցկացնել։

–Անցած տարին հենց այդպե՞ս է եղել։

–Այո՛, անցած տարի լավ ուրախացել ենք ընկերներով։ Իմ ընկերական շրջապատը, մասնավորապես ընկերուհիներս, այնքան լավն են, ես շատ եմ սիրում իրենց։ Ի դեպ, քիչ չեն իմ ընկերուհիները։

–Բոլորին նվերներ մատուցո՞ւմ եք։

–Միշտ սիմվոլիկ ինչ–որ նվեր ենք պատրաստում մեկս մյուսի համար։

–2012–ից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

–Գիտե՞ք, այս մի քանի ամիսների ընթացքում այնքան տարված էինք «Մանկական եվրատեսիլով», որ ամբողջ ուշքս և միտքս այնտեղ էր։ Հիմա, երբ այդ ամենը վերջացել է, ինձ մոտ գերհոգնածություն է, քանի որ սարսափելի ծանրաբեռնված էր։ Ես անգամ դեռ չեմ հասցրել մտածել՝ ինչ կարելի է անել եկող տարի։ Բնականաբար, աշխատանքն իր հունով շարունակվելու է, սակայն նոր, բացի դրանից, նոր նախագծեր, նոր գաղափարներ կունենան ինչ–որ զարգացում։ Բայց դեռևս նույնիսկ չեմ էլ ծրագրել։

–Հնարավո՞ր է, որ անձնական կյանքում ինչ–որ փոփոխություններ լինեն։

–Աստված ոնց կամենա։ Չեմ կարծում՝ գտնվի մի մարդ, ով դեմ լինի անձնական երջանկությանը։ Բայց կարևորը միայն անձնական կարգավիճակի փոփոխությունն չէ, որովհետև երբ փորձում ես կյանքի ուղեկից գտնել, առաջինը չես մտածում այդ կարգավիճակի մասին, այլ մտածում ես, որ ուղղակի լավ ընկեր, կյանքի ուղեկից ձեռք բերես։ Ինչո՞ւ չէ, բոլորս էլ երազում ենք և ուզում ենք ունենալ կյանքի ընկեր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը