Կարծիք

30.07.2025 09:29


«Արդարադատություն․ հասանելի միայն արտահանման համար»

«Արդարադատություն․ հասանելի միայն արտահանման համար»

2025 թվականի հուլիսի 17-ին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրապարակային արձագանկել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութին, որը վերաբերում էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի՝ հուլիսի 16-ին կատարած այցելությանը «Աբովյան» -ի բժշկական կենտրոնում գտնվող ութ ամսական երեխային, որի մայրը գտնվում էր կալանքի տակ։

Մենք արձանագրել ենք, որ նշված այցի ընթացքում խախտվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պահակետ մուտք գործելու կանոնակարգը։ Մասնավորապես՝ այցն իրականացվել է պահախմբի պետի կամ նրա օգնականի բացակայությամբ, ինչի արդյունքում պահակետը փաստացի վերածվել է «проходной двор»-ի։

Մեր գնահատմամբ՝ արդարադատության նախարարի և ՔԿԾ պետի գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ։ Խախտումները բացահայտելու նպատակով նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությանը։

Ի պատասխան՝ նախարարության վերահսկողության վարչության պետ Ա. Սիմոնյանը 2025 թ. հուլիսի 28-ին տրամադրել է թիվ 33600-2025 գրությունը, որով նշվել է, որ Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադևոսյանը գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում՝ հղում կատարելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերին։ Ըստ այդ իրավանորմի՝ պաշտոնատար անձինք իրավունք ունեն անարգել մուտք գործել պատիժ կատարող հիմնարկներ։

Սակայն նշված իրավանորմի 4-րդ մասի համաձայն՝ ցանկացած անձ, ով մուտք է գործում պատիժ կատարող հիմնարկ, ինչպես նաև նրա իրերը, պետք է ենթարկվեն զննության՝ տվյալ հիմնարկի վարչակազմի կողմից, իսկ որոշ դեպքերում՝ նաև խուզարկության։ Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարի 2011 թ. նոյեմբերի 21-ի թիվ 195-Ն հրամանի 37-րդ կետով սահմանվում է, որ պահախմբի պետը հանդիսանում է իրեն ամրակցված հերթապահ խմբի անմիջական ղեկավարը։ Այսպիսով, վերոնշյալ իրավական ակտերի պահանջների կատարման կազմակերպումը վերապահված է պահախմբի պետին կամ նրա օգնականին։

Նշված իրավունքը՝ անարգել մուտք գործել պատիժ կատարող հիմնարկներ, ըստ այդմ, լիովին չի նշանակում, որ պաշտոնատար անձինք կարող են անտեսել քրեակատարողական հիմնարկներում տեղաշարժման համար նախատեսված ու հաստատված կարգը, մուտք գործելով հիմնարկի արգելված գոտիներ։ Դիտաշտարակում ծառայության նշանակված ծառայողը, վատ բնակլիմայական տեսանելիության պայմաններում, կարող է սխալմամբ պաշտոնատար անձի գործողությունը ընկալել որպես դատապարտյալի կամ կալանավորված անձի փախուստի փորձ՝ կիրառելով մարտական զենք։ Անթույլատրելի է նաև, երբ այդ մուտքը տեղի է ունենում, օրինակ, "Դատապարտյալների հիվանդանոց" ՔԿՀ-ի վիրահատարան, այն էլ վիրահատության ժամանակ, ինչպես նաև ՔԿՀ-ի կացայատունը, կամ բարձր էլեկտրական լարում ունեցող էլեկտրական վահանակներով կահավորված կառույցներ։

Բացի այդ, օրենքով սահմանված՝ անարգել մուտքի իրավունքը չի տարածվում ուղեկցող անձանց վրա՝ այդ թվում՝ լուսաբանող կամ տեսանկարահանող անձնակազմի։ Այդպիսով, նախարարն ու ՔԿԾ պետը մուտք են գործել պահակետ՝ շրջանցելով սահմանված ընթացակարգերը և ուղեկցվելով իրավասու չհանդիսացող անձանց կողմից։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն արձանագրում է, որ տեղի է ունեցել օրինականության կոպիտ խախտում։ Սա անընդունելի է հատկապես արդարադատության ոլորտում, ուստի գտնում ենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը առնվազն պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն և ներկայացնեն հրաժարական՝ ազատվելով զբաղեցրած պաշտոններից։

Հ.Գ. Հուսանք, որ արդարադատության նախարարության կին պաշտոնյաները, ունենալով անարգել մուտքի իրավունք, չեն շտապի առանց ուղեկցողների մուտք գործել այն խցերը, որտեղ տղամարդիկ վերջին անգամ կին են տեսել դեռևս դատապարտվելուց առաջ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

30.07.2025 թ.

Այս խորագրի վերջին նյութերը