Աշխարհ

29.07.2025 10:56


Կրակոցներ Մանհեթենի երկնաքերում. առնվազն 4 մարդ է մահացել, նրանցից մեկը ոստիկան է (տեսանյութ)

Կրակոցներ Մանհեթենի երկնաքերում. առնվազն 4 մարդ է մահացել, նրանցից մեկը ոստիկան է (տեսանյութ)

Նյու Յորքում` Մանհեթենի գործարար թաղամասի երկնաքերներից մեկում, հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել չորս կամ հինգ մարդ (տարբեր աղբյուրների տվյալներով)։ Զոհերի թվում կա նաև ոստիկան։ Այս մասին հայտնում են New York Post-ը և այլ տեղական լրատվամիջոցներ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Բացի այդ, տարբեր աղբյուրների համաձայն` երեքից վեց մարդ է տուժել։

Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Միջադեպը տեղի է ունեցել բարձրահարկ շենքում, որտեղ գտնվում են խոշոր ընկերությունների գրասենյակներ, այդ թվում՝ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) և Blackstone ներդրումային ընկերության գլխամասերը։

Պարբերականի տվյալներով` կրակոցներն արձակող տղամարդը եղել է զրահաբաճկոնով։ Նա շենք է մտել հրացանով, սկսել է կրակել նախասրահում, ապա բարձրացել է 33-րդ հարկ, որտեղ շարունակել է կրակել և, ի վերջո, ինքնասպան է եղել։

Նյու Յորքի ոստիկանությունն ավելի ուշ հաստատել է, որ կրակողը չեզոքացվել է։ Ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշը հայտարարել է, որ հարձակվողը Լաս Վեգասից 27-ամյա Շեյն Թամուրան էր։ Թիշի խոսքով՝ նա ունեցել է հոգեկան հիվանդություն, որը հաստատված է փաստաթղթերով։ Միջադեպի ժամանակ նա թույլ է տվել պատահական կնոջը դուրս գալ վերելակից և չի վնասել նրան։

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը պարզաբանել է, որ պաշտոնապես հաստատվել է չորս մարդու մահը։ Տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ արտակարգ իրավիճակի վայրին հարող փողոցները փակ են, դեպքի վայրում իրավիճակը հանգիստ է։ Հետաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը